Բաժիններ՝

Մենք շատ լավ թավջութակահարներ ունենք, բայց դասական առումով՝ թավջութակը մեզ մոտ այնքան էլ պոպուլյար չէ

168.amի զրուցակիցը թավջութակահար Ալեքս Միրզոյանն է:

Ալեքս, կպատմե՞ք Ձեր և թավջութակի առաջին հանդիպման մասին:

– Երաժշտությամբ ես ուշ՝ 13 տարեկան հասակում եմ սկսել զբաղվել: Ի սկզբանե ինձ համար դաշնամուր գործիքն էր որոշված, բայց քանի որ ֆիզիկապես ձեռքերս մեծ էին, որոշվեց, որ ես պետք է թավջութակ նվագեմ: Փողոցով քայլելիս շատերն ինձ ասում էին՝ «այս ի՞նչ գործիք ես ընտրել, գոնե մի քիչ փոքր գործիք ընտրեիր»: Հետագայում հասկացա, որ այն դառնում է իմ կեսը, այսինքն՝ մենք կարծես միաձուլվում ենք, և արդեն առանց գործիք ես ինձ անհարմարավետ եմ զգում: Կարծում եմ, որ ինձ համար մարդկանց ինչ-որ բան հասցնելու, իմ արվեստը, մտահղացումները, մտքերը, հույզերը տարածելու լավագույն տարբերակը թավջութակի միջոցով արտահայտելն է: Փորձել եմ նույնն անել նաև գրականության միջոցով, սակայն հասկացել եմ, որ երաժշտությունն ինձ ավելի հոգեհարազատ է: Այնպես չէր, որ երաժշտական դպրոց ընդունվեցի` անպայման երաժիշտ դառնալու համար: Ես ուղղակի գնացել էի ընդհանուր զարգացողության, երաժշտությունից ինչ-որ գաղափար ունենալու համար: Բնականաբար, սկզբից, երբ նոր ես գործիքը ձեռքդ վերցնում, այն թավշյա ձայնը չի արձակում, ինչը որ հետագայում ստանում ես: Առաջին 1-2 տարին ամենադժվար տարիներն են, որոնց ընթացքում սովորում ես վարժություններ, որոնք կողքի ունկնդրին հնարավոր է՝ հաճելի չլինեն: Հետագայում, երբ երաժշտություն ու արվեստ ես ստեղծում, սկսում ես զգալ գործիքի թավշությունը:

Ասացիք, որ սկզբնական շրջանում գործիքի արձակած ձայներն այնքան էլ հաճելի չէին, գործիքը չափսերով մեծ էր, և այլն: Այդ ժամանակ հիասթափություն ապրե՞լ եք:

Կարդացեք նաև

– Ոչ, հիասթափություն չեմ ապրել, որովհետև, երբ լսում ես որևէ մեծ երաժշտի կատարումները, այն քեզ համար խթան է հանդիսանում, որպեսզի ձգտես նրան, որ քո գործիքն էլ այդպես հնչի: Շատ կարևոր է, որ առաջին ուսուցչուհին լավը լինի, որովհետև նա կարող է այնպես անել, որ աշակերտը սիրահարվի գործիքին, կամ էլ՝ հուսահատվի: Հիշում եմ, որ ես շատ հաճելի ուսուցչուհի ունեի, ով շատ էմոցիոնալ կին էր: Ընդհանրապես, կարծում եմ, որ երաժշտության մեջ ամենակարևորը ձայնն է, շատ երաժիշտներ ուշադրություն են դարձնում ռիթմին, ինտոնացիային: Դու կարող ես նվագել ռիթմով, մաքուր, բայց եթե ձայնը կողքի մարդու համար հաճելի չէ, և դու չես կարողանում այդ ձայնով արտահայտել այն հուզմունքը, որը դու ես զգում, երաժշտությունը կատարյալ չի լինում:

Գործիքին տիրապետելու հետ կապված՝ կա՞ն ինչոր նրբություններ, որոնք թավջութակահարը պետք է իմանա:

– Իհարկե: Ասում են, որ կան մարդիկ, ովքեր երաժշտական չեն, լսողություն չունեն, և այլն: Դա այդպես չէ, ամեն մարդ ունի ինչ-որ գործիք, որին հակված է: Չեմ կարծում, որ ես այդպես կնվագեի, օրինակ, դաշնամուր: Հասկացել եմ, որ թավջութակն իմ գործիքն է: Հաճախ երաժշտական դպրոցներում շատ երեխաներ կիսատ են թողնում իրենց կրթությունը: Սա գալիս է հենց նրանից, որ երեխայի համար սխալ գործիք են ընտրում:

Կան երաժիշտներ, որոնց համար գործիքը շատ անձնական իր է, և հաճախ եսասիրական մոտեցում են ցուցաբերում գործիքի նկատմամբ: Դուք ինչպե՞ս եք Ձեր գործիքին վերաբերվում:

– Ներկայիս իմ գործիքը գերմանական արտադրության է, հին ու արժեքավոր գործիք է: Ես անկեղծորեն նրան շատ եմ սիրում: Եթե նրա հետ ինչ-որ բան է կատարվում, օրինակ՝ լար է կտրվում, կամ ինչ-որ տեղ եմ հարվածում, այդ ցավը կարծես ինքս եմ զգում, որովհետև գործիքն իմ կեսն է: Բնականաբար, ես նրան լավ խնամում եմ, սիրում եմ և կարծում եմ, որ իմ երաժշտական գործիքը շնչում է, նա էակ է: Կարծում եմ՝ բոլոր երաժիշտների համար, սիրած մարդուց հետո, ամենաթանկ էակն իր գործիքն է: Երաժշտի համար իր գործիքը կարևորագույն դեր է կատարում, որովհետև պահ է գալիս, որ այդ գործիքը նվագում ես տխրությամբ, պահ էլ կա՝ ուրախությամբ, գործիքի օգնությամբ կարողանում ես մարդկանց համոզել, և այլն:

Ո՞ր երաժշտական ժանրում եք սիրում նվագել:

– Շատ եմ սիրում դասական ոճում նվագել: Որքան էլ որ ես նվագեմ ռոք, ջազ կամ ֆոլկ-ջազ ժանրերում, դասականն ամեն ինչի սկիզբն է: Հիմա, քանի որ ես աշխատում եմ մեդիա ոլորտում, դասական երաժշտության համերգներ հաճախ չեմ տալիս, որովհետև դրան պատրաստվելու և կատարյալ ելույթ ունենալու համար երկար ժամանակ է պահանջվում: Ասեմ, որ մոտ 1-2 ամսից դասական երաժշտության համերգ կունենամ:

Շատ եմ սիրում թավջութակով ռոք նվագել: Արդեն երկու տարի է՝ համագործակցում եմ «The Beautified Project» ռոք խմբի հետ, հասցրել ենք մի քանի համերգներ ունենալ: Նաև ջազ համերգ եմ նվագել, բայց ես ինձ ռոք ժանրի մեջ ավելի լավ եմ զգում, քան ջազ կամ ֆոլք-ջազ ժանրերի մեջ:

Այսօր դժվա՞ր է գտնել լավ երաժշտական գործիք:

– Ցավոք, ասեմ, որ Հայաստանում լավ երաժշտական գործիքներ չեն մնացել: Ընդհանրապես երաժշտական գործիքը որքան հին է՝ այնքան լավն է: Ցավոք, այսօր շատ երաժիշտներ կանգնած են լավ գործիք ձեռք բերելու խնդրի առջև: Լավ թավջութակ դժվար է ձեռք բերել, ջութակ էլի հնարավոր է: Մենք ունենք շատ լավ վարպետներ, ովքեր ստեղծում են գործիքներ, բայց ես նախապատվությունը տալիս եմ եվրոպական արտադրության գործիքներին:

Հայաստանում թավջութակը որքանո՞վ է պոպուլյար:

– Ընդհանրապես դասական երաժշտական գործիքները Հայաստանում այնքան էլ պոպուլյար չեն: Կան երաժշտական դպրոցներ, որտեղ նույնիսկ թավջութակի դասարան չկա: Սա շատ վատ է: Այս վիճակն ուղղելու համար անգամ նախագծեր էլ չեն մշակվում:

Նկատեմ նաև, որ վերջին շրջանում թավջութակը պոպուլյար է դարձել այն առումով, որ այն սկսել են օգտագործել ռոք, ջազ, ֆոլք-ջազ, էստրադային տարբերակներով: Մենք շատ լավ թավջութակահարներ ունենք, բայց դասական առումով՝ թավջութակը մեզ մոտ այնքան էլ պոպուլյար չէ: Նկատենք, որ ամբողջ աշխարհում թավջութակը շատ պոպուլյար գործիք է, քանի որ և՛ վիզուալ, և՛ ձայնային առումով շատ գեղեցիկ է: Այն սկսել են տեսահոլովակներում օգտագործել:

Ինչոր բան կցանկանա՞ք ավելացնել:

– Կուզենամ, որ մեր սիրելի հայրենակիցները հաճախ գնան համերգների, հետաքրքրվեն արվեստի աշխարհով: Արվեստը շատ է օգնում մարդկանց, քանի որ այն ստեղծվում է մարդու կողմից, իսկ արվեստը հույզեր է, էմոցիա, սեր, կիրք, ատելություն… նրա մեջ կարելի է գտնել ամեն ինչ, միաժամանակ՝ արվեստի միջոցով լուծել ներսումդ եղած հարցերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս