
Իրանն ավելացնելու է Թուրքիային իր գազի մատակարարման ծավալը

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանն ավելացնելու է Թուրքիային իր գազի մատակարարման ծավալը: Այս մասին Թեհրանում Թուրքիայի տնտեսական զարգացման նախարար Ջևդեթ Յըլմազի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության նախարար Ռոստեմ Ղասեմին:
Ղասեմին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ապահովել էներգակիրների հարցում Թուրքիայի կարիքները. «Թուրքիային իրանական գազ մատակարարող խողովակաշարը հասցվելու է մինչև Թուրքիայի հետ սահմանին ընկած Բազարգան քաղաք: Նախագծի իրագործմանը կարող են մասնակցել Թուրքիայի մասնավոր ընկերությունները: Ակնկալվում է, որ հաջորդ ամիս տեղի կունենա պայմանագրերի ստորագրումը»:
Հանդիպման ժամանակ կողմերը կառուցողական բանակցություններ են վարել երկկողմ տնտեսական կապերի և մասնավորապես էներգետիկ ոլորտում կապերի շուրջ: Կողմերն ընդգծել են, որ անհրաժեշտ է զարգացնել նավթային, գազային ու նավթաքիմիական արդյունաբերության ոլորտներում համագործակցությունը:
Նշվում է, որ Իրանի ու Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալում ավելի քան 12 միլիարդ դոլարը բաժին է ընկնում էներգետիկ ոլորտին: