Բուլղարացի գիտնականը տպավորված է ՍՊԾ աշխատանքով
«Երկրաշարժերի կանխատեսման հնարավորության, սեյսմիկության և կլիմայի փոփոխության կորելյացիայի համալիր հետազոտում» համաեվրոպական ծրագրի շրջանակներում 5-օրյա աշխատանքային այցով Երևանում էր գտնվում ծրագրի համակարգող, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի միջուկային հետազոտությունների ինստիտուտի միջազգային նախագծերի դեպարտամենտի վարիչ, դոկտոր Բոյկո Վաչևը:
Ծրագրում ընդգրկված են 9 երկրի 17 գիտահետազոտական ինստիտուտ և համալսարան, իսկ Հայաստանը ծրագրում ներկայացնում է միայն ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը:
Երեք տարի տևողությամբ (2011-2013 թթ.) ծրագրի հիմնական նպատակն է՝ տարբեր երկրների փորձառու և երիտասարդ մասնագետների միջև գիտակիրառական կապերի հաստատումը, փորձի փոխանակումը, երիտասարդ երկրաֆիզիկոս-սեյսմաբանների ուսուցումը, ուսումնասիրությունների արդյունքների համադրումը և միավորումը: Ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության գործակալություն են գործուղվել Բուլղարիայի, Մակեդոնիայի ու Հունաստանի փորձառու և երիտասարդ մասնագետներ, իսկ Հայաստանից մասնագետներ են գործուղվել Բուլղարիա և Մակեդոնիա:
Աշխատանքային այցի ընթացքում բուլղարացի գիտնականը ծանոթացավ ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունում կատարված աշխատանքներին, ներկայացրեց մյուս մասնակիցների ձեռքբերումներն ու անելիքները և պարզաբանեց վերջնական հաշվետվությանը ներկայացվող պահանջները:
Գոհունակություն հայտնելով հայ երկրաֆիզիկոս-սեյսմաբանների մասնակցության արդյունքներից` Բ. Վաչևն առաջարկեց ՍՊԾ-ին մասնակցել համաեվրոպական հաջորդ՝ ավելի մեծ ծրագրի մշակման և ներկայացման գործընթացին: Ծավալված քննարկման ժամանակ ՍՊԾ գործակալությունն առաջարկել է նոր ծրագրում ընդգրկել նաև Գառնու երկրաֆիզիկական դիտարանի համար սարքավորումների ձեռքբերումը, ինչը պատրաստակամությամբ ընդունվեց Բ.Վաչևի կողմից:
Բուլղարացի հյուրը եղավ ՍՊ Արևմտյան ծառայությունում և «ՍՊԾ» գործակալությունում, այցելեց ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն և իրական ժամանակում երկրաշարժերի ուժգնության արտապատկերման հայ-ճապոնական «Դավիթաշեն» դիտակայան:
Ապրիլի 24-ին Բ.Վաչևը ՀՀ ԱԻՆ աշխատակիցների հետ միասին այցելեց նաև Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին: Այցելության ավարտին դոկտոր Վաչևը խոստովանեց, որ Բուլղարիա է վերադառնում մեծ տպավորություններով: