Բաժիններ՝

Գյումրու արյունալի ժամանակագրությունը. մամուլ

«Օրը ցերեկով զինված «ռագբորկաներն» ու փոխհրաձգությունները Գյումրիում վաղուց դարձել են սովորական երևայթ։ Ընդ որում, հիմնականում նույնն են այդ «հերոսամարտերի» գլխավոր մասնակիցները։ Արդեն ավանդույթ է դարձել, որ կողմերից մեկը պետք է լինի Գյումրու նախկին քադաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը, կամ նրա եղբորորդիները։ Պարբերաբար, փոխհրաձգությունների մասնակից է դաոնում նաև ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մերձավոր շրջապատը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու ներկայացնում Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգությունների ժամանակագրությունը.

«Առաջին աղմկահարույց փոխհրաձգությունը Գյումրիում տեղի է ունեցել 2003թ. հուլիսի 11-ին։ Հաղթանակի պողոտայի պուրակում՝ Շիրակի մարզային դատախազության շենքից քիչ հեռու, փոխհրաձգություն էր տեղի ունեցել Մ. Գրիգորյանի հորեղբոր՝ Սերոբ Գրիգորյանի և Ժիրայր Հարությունյանի միջև։ Ժ. Հարությունյանը մեքենայի մեջ ատրճանակով սպանել էր Ս. Գրիգորյանին, հետո կրակել նրա թիկնապահների վրա։ Թիկնապահներից Արտյոմ Մակարյանն ու Գոռ Ստեփանյանն էլ իրենց մոտ եղած զենքով սպանել էին Ժ. Հարությունյանին։ Ա. Մակարյանն ու Գ Ստեփանյանը ձերբակալվել էին և դատապարտվել ազատազրկման։

Մյուս աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել 2007թ. մայիսի 20-ին Տերյան փողոցում։ Այս անգամ փոխհրաձգությունը տեղի էր ունեցել Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի ու Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ, ԲՀԿ-ական Արտաշես Սարգսյանի որդու՝ Ռուստամ Սարգսյաևի միջև։ Փոխհրաձգությանը մասնակցել էին նրանց ընկերները, ինչպես նաև՝ Վ. Ղուկասյանի եղբորորդին՝ Կոլյա Ղուկասյանը։ Փոխհրաձգության արդյունքում վիրավորվել էին Տերյան փողոցի խանութներից մեկի աշխատակցուհին՝ Համասփյուռ Մնացականյանը, ու միջադեպի մասնակիցներից Նորայր Սոլոյանը։ Այս դեպքից հետո փոխհրաձգության մասնակիցները տևական ժամանակ գտնվում էին փախուստի մեջ, նրանց նկատմամբ հետախուզում էին հայտարարել։

Հատկանշական է, որ այս միջադեպի գլխավոր մասնակիցները՝ Սպարտակ Ղուկասյանն ու Ռուստամ Սարգսյանը, խուլիգանության և ապօրինի զենք-զինամթերք պահելու համար դատապարտվել էին 1.5 տարվա ազատազրկման։ Սակայն 6 ամիս անց Ա. Ղուկասյանն ազատ էր արձակվել։ Այդ միջադեպից հետո խուլիգանության ու թմրանյութ օգտագործելու մեղադրանքով 2007թ. կրկին 1.5 տարվա ազատազրկման էր դատապարտվել նաև Վ. Ղուկասյանի եղբորորդին՝ Կոլյա Ղուկասյանը։ Փոխարենը երկարատև բանտարկության՝ 5 և 4.5 տարվա ազատազրկման էին դատապարտվել նրանց ընկերները՝ Թելման Կարապետյանն ու Գագիկ Սոլոյանը։

Ա. Ղուկասյանը հերթական պատմության մեջ հայտնվել էր 2009թ. հուլիսին. Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի ջրամբարի տարածքում նա իր ընկերների հետ միասին վիճել էր այդ գյուղի բնակիչ Գևորգ Հակոբյանի հետ։ Արդյունքում՝ գյուղացին հրազենային վնասվածք էր ստացել։ Ըստ լուրերի՝ Հակոբյանին կրակողը եղել էր Ա. Ղուկասյանը։ Սակայն իրավապահները հետո մասնակի հերքեցին այդ փաստը՝ նշելով որ Ղուկասյանը եղել է երիտասարդների խմբի մեջ, բայց անձամբ ինքը չի եղել կրակողը։

Ա. Ղուկասյանի մասնակցությամբ հաջորդ հերոսամարտը տեղի է ունեցել 2012թ. օգոստոսի 24-ին։  Գյումրու կենտրոնում՝ Սայաթ-Նովայի և Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող «Հրաշքների աշխարհ» սրճարանի մոտ, նա վիճել է ավագանու անդամության թեկնածու Էդգար Մկրտչյանի հետ, ինչն էլ ավարտվել էր հերթական կրակոցներով։ Այս դեպքից հետո ևս Ա. Ղուկասյանը տևական ժամանակ հետախուզման մեջ էր, հետո նոյեմբերին հայ-վրացական սահմանը հատելիս նրան բերման էին ենթարկել, մի քանի ժամ պահել ոստիկանությունում։

Սպարտակին մեղադրանք էին առաջադրել խուլիգանության և ապօրինի զենք-զինամթերք պահելու համար, այնուհետև ստորագրությամբ ազատ արձակել։ Առ այսօր չի ավարտվել այս քրգործով նախաքննությունը։

Ու, փաստորեն, մեկ քրգործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող Ս. Ղուկասյանը հայտնվել է հերթական քրեական պատմության և հերթական քրեական գործի կիզակետում, խոսքն ապրիլի 23-ին Գյումրիում տեղի ունեցած հերթական փոխհրաձգության մասին է։ Այս քրգործով ձերբակալվել են Սպարտակի հորեղբորորդին՝ Վահե Ղուկասյանը, ու փոխհրաձգության արդյունքում տուժածներից Հարություն Խաչատրյանի որդին՝ Գևորգ Խաչատրյանը։

Նշենք, որ վերը թվարկվեցին միայն հրազենի կիրառմամբ կատարված հանցագործությունները։ Իսկ թե որքան հանցագործություններ են եղել դանակի կամ այլ սառը զենքի գործադրմամբ կամ «պատահական ավտովթարների» և ծեծկռտուքների տեսքով, այս դեպքում այնքան էլ կարևոր չէ։

Արձանագրենք՝ Ղուկասյանները բազմաթիվ զինված միջադեպերի մասնակից են եղել, ընդ որում գլխավոր հերոսները՝ ապօրինի զենքով։ Ու ամեն անգամ ջրից չոր են դուրս եկել, չեն պատժվել։ Այնպես որ, հերթական զինված միջադեպի մեղավորները ոչ միայն դեպքի անմիջական մասնակիցներն են, այլև իրավապահները, որոնք, հստակ իմանալով քաղաքում զինված խմբավորումների առկայության մասին, պարզապես հանդուրժում են այս իրավիճակը և առնվազն չեն զինաթափում նրանց։

Հ.Գ. ՀՀ ոստիկաճապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ այցելել է Գյումրի, որտեղ ոստիկանությունում փակ խորհրդակցություն է անցկացրել»:

Արտակ Մխիթարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս