Այսօր լրանում է Չեռնոբիլի աղետի 27-րդ տարելիցը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր լրանում է Չեռնոբիլի աղետի 27-րդ տարելիցը: 1986 թվականի ապրիլի 26-ի գիշերը Ուկրաինայի տարածքում գտնվող Չեռնոբիլի ատոմակայանի չորրորդ էներգաբլոկում տեղի ունեցավ ատոմային էներգիայի համաշխարհային պատմության մեջ խոշորագույն վթարը:
Այդ էներգաբլոկն արդյունաբերական շահագործման է հանձնվել 1983 թվականի դեկտեմբերին: Ապրիլի 26-ին՝ ժամը 01.24-ին, այդ էներգաբլոկում տեղի ունեցավ ռեակտորի հզորության անվերահսկելի աճ, ինչն էլ հանգեցրեց պայթյունների ու ավերածություններին:
Պայթյունների ու դրան հաջորդած հրդեհի հետևանքով էներգաբլոկը շրջակա միջավայր արտանետեց զգալի քանակությամբ ռադիոակտիվ նյութեր, ինչը զգալիորեն նվազեց միայն մայիսի առաջին տասնօրյակի ավարտին:
Ավերված ռեակտորից մթնոլորտ արտանետված միջուկային վառելիքի տրոհման բաղադրատարրերը օդային հոսանքներով տարածվեցին ոչ միայն Ուկրաինայում, Ռուսաստանում ու Բելառուսում, այլև՝ վթարից հարյուրավոր և անգամ հազարավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող վայրերում:
Ռադիոակտիվ աղտոտվածությունն ամենաշատը գրանցվեց Ուկրաինայում (41.750 քառակուսի կիլոմետր), Բելառուսում (46.600 քառակուսի կիլոմետր) և Ռուսաստանի եվրոպական հատվածում (57.100 քառակուսի կիլոմետր): Այդ երեք երկրներում ռադիոակտիվ ճառագայթման ենթարկվեց գրեթե 8.4 միլիոն բնակիչ, որոնցից գրեթե 404.000-ին վերաբնակեցրին: