Կուրտ Վոննեգուտ. Մարդն Էվոլյուցիայի ամենամեծ սխալն է
Կուրտ Վոննեգուտը` XX դարի ամերիկյան ամենաճանաչված արձակագիրներից մեկը իր մահկանացուն կնքել է 85 տարեկան հասակում:
Ծնվել է 1922 թվականին, ասել է թե` այս տարի լրացավ նրա 90-ամյակը: Նրա գրչին են պատկանում «Ուտոպիա 14», «Օրորոց կատվի համար», «N 5 սպանդանոց կամ երեխաների Խաչակրաց Արշավանքը», «Նախաճաշ չեմպիոնների համար», «Կրկնահանցագործը», «Աստված քեզ պահապան, միստեր Գևորգյան», «Գիշերամայր» և բազմաթիվ այլ վեպեր, վիպակներ, պատմվածքներ, էսսեներ, պիեսներգ Երկրորդ Համաշխարհային պատերազմի վետերան էր: Գերի էր ընկել նացիստներին: Պահվում էր Դրեզդենի ռազմագերիների ճամբարում, ուր և ապրել է դաշնակիցների զարհուրելի ռմբակոծության սարսափները: Վոննեգուտը 1999 թ. հայտարարեց, որ դադարեցնում է գրելը: Նյու Յորքի քաղաքապետարանը 2002թ. նոյեմբերի 11-ը հայտարարեց «Կուրտ Վոննեգուտի Օր» (այդ օրը լրանում էր գրողի 80-ամյակը):
– Ժողովրդավարության մասին Չերչիլն ասել է, որ այն իշխանության սարսափելի համակարգ է, բայց մարդիկ դրանից ավելի լավը դեռ չեն հորինել: Ովքե՞ր կկարողանային փոխարինել մարդկանց:
Կ.Վ.- Խնդրեմ, օրինակ, ձիերը, ընձուղտները, շիմպանզեները, սկյուռները, պարզապես սքանչելի էակներ են: Որորները, ի վերջո: Մարդիկ միշտ էլ սարսափելի կենդանիներ են եղել և այդպիսիք էլ մնացել են առ այսօր – ես գրել եմ այդ մասին: Ես կարծում եմ, որ մարդն էվոլյուցիայի ամենամեծ սխալն է:
– Բայց չէ՞ որ կենդանիները զուրկ են բանականությունից:
Կ.Վ.- Իսկ նրանց ինչի՞ն է պետք բանականությունը: Որպեսզի ջրածնային ռո՞ւմբ ստեղծեն: Մենք ապակառուցողական կենդանիներ ենք: Բոլորին թվում է, թե էվոլյուցիան սքանչելի բան է: Պարզապես նայեք բեգեմոտին, և դուք կհամոզվեք, որ այն էվոլյուցիայի հրաշալի գաղափարներից մեկն է:
– Բայց կենդանիներն էլ են բռնություն բանեցնում միմյանց նկատմամբ:
Կ.Վ.- Իհարկե: Բայց կապիկներն ամբողջ մոլորակը վերացնել չեն կարող, իսկ մենք դա արդեն անում ենք: Խաղն ավարտված է, որովհետև մենք մթնոլորտն ու ջուրն արդեն վերջնականապես ապականել ենք: Մենք հիանալի գործ ենք անում` աշխարհի վերջը նախապատրաստելով: Իրաքում ծայր առած պատերազմը երբեք չի ավարտվելու:
Մարդիկ միշտ վրեժի են ծարավ: Նրանք պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել այդ նպատակով, իսկ նրանք կատաղելու իրավունք ունեն: Հանուն «արդարության» վերականգնման մեր թևավոր հրթիռներով բազմաթիվ մարդկանց ենք սպանում, բազմաթիվ կանանց զրկում ենք ամուսիններից, երեխաներին` հայրերից: Եվ եթե Սադամ Հուսեյնը չպարտվեր, ատոմային ռումբ էինք նետելու: Մենք արդեն պատրաստ էինք դրան:
– Եվ այս ամենն ինչո՞վ է ավարտվելու:
Կ.Վ.- Ես այդ հարցում լավատես չեմ: Ինձ դուր չի գալիս այն, ինչ հիմա անում է իմ կառավարությունը: Ներկայիս ամերիկյան արտաքին քաղաքականությունը սարսափելի է: Մինչ այս մենք երբեք պատերազմ չենք հայտարարել փոքր երկրներին: Ներկայիս կառավարությունը պարզապես ժամանցատեղի է, չորսդին` զվարճանում են: Տիեզերական ծրագիրը գիտություն չէ: Գիտություն չկա, միայն ժամանց է, իսկ այսօրվա լավագույն զվարճանքը` ինչ-որ մեկին ջարդուխուրդ անելն է: Մեր նախագահն ուզում է մեզ զվարճացնել, չի ուզում տաղտկալի երևալ մարդկանց աչքին: Դրա համար է ընկել Սադամ Հուսեյնի ետևից: Իրաքցի ամեն մի սպանված զինվորին մի քանի հարյուր սպանված խաղաղ բնակիչ է բաժին ընկնում: Սա է մեր ներկայիս արտաքին քաղաքականությունը:
– Դուք հեռուստացույց նայո՞ւմ եք:
Կ.Վ.- Այո, «Օրենք և Կարգ ու Կանոն» քրեական շոուն եմ նայում և երգիծական ֆիլմաշարեր: Հեռուստաhաղորդումները հիմա շուրջօրյա են դարձել, և նրանք պետք է արժանավայել լցնեն այդ ամբողջ ժամանակը: Այնպես որ, երբեմն լավ հաղորդումներ են հայտնվում: Ներկայիս վարչակարգն անհարգալից է վերաբերում մարդկանց, ինչը շատ պարզ դրսևորվում է Ջերի Սպրինգերի շոուի կարգի հեռուստահաղորդումներում: Նրանք ցույց են տալիս, թե ինչպիսի ապուշներ ենք մենք, թե ինչ սարսափելի մարդիկ ենք և մենք ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չենք: Ինչո՞ւ պիտի այդպիսի մարդիկ քվեարկելու իրավունք ունենան, դրանք մարդկության թափոններն են:
– Բայց ձեր ասածը չի բռնում ժողովրդավարության հետ:
Կ.Վ.- Իհարկե: Բայց մեր այսօրվա կառավարությունն էլ կապ չունի ժողովրդավարության հետ:
– Դուք թողել եք գրելը: Չե՞ք ձանձրանում:
Կ.Վ.- Շատ: Կարոտում եմ գրականությանը, բայց ես կարոտում եմ նաև ջահել տարիներիս: Եթե հիմա գիրք գրեի,- արդեն մտմտում եմ այդ մասին,- կգրեի, թե ինչպես ենք նավթով, աշխարհը հեղեղած տրանսպորտով սպանել երկիր մոլորակը: Գրողը տանի: Զարհուրելի արագությամբ կարող ենք «ուռա՜» գոռալով մեքենայով սուրալ: Եվ մենք ոչնչացնում ենք մթնոլորտը: Կենդանի արարածները վերանում են, ո՞վ է բանի տեղ դնում:
– Դուք ելք տեսնո՞ւմ եք: Չե՞ք կարծում, որ արդեն բանը բանից անցել է:
Կ.Վ.- Նոբելյան մրցանակի բոլոր դափնեկիրներից ամենաշատը սիրում եմ Ալբեր Քամյուին: Նա ասել է. «Միակ արժեքավոր փիլիսոփայական հարցն այն է, թե` արժե՞ ինքնասպանություն գործել»: Իհարկե, արժե, եկեք բոլորս միասին վերջ տանք մեր կյանքին: Աշխարհը մի այնպիսի աղբանոցի է վերածվել, որ ապրելը պարզապես ցավալի է դարձել:
Ֆրանսիայում ես տեսա այն գերեզմանոցը, ուր թաղված էին Առաջին Համաշխարհային պատերազմում զոհված անգլիացի զինվորները: Գերեզմանոցի դարպասին գրված էին անգլիացի բանաստեղծ Ալֆրեդ Հաուսմանի տողերը. «Դուք չափազանց ջահել եք եղել, որպեսզի իմանայիք, որ կյանքն առանձնապես մեծ կորուստ չէ»:
Երբեմն ուզում եմ, որ ինձ սպանեն ամերիկյան զորքերի Նորմանդիա մտնելու Օրվա տոնին, այդժամ ես կազատվեի այս աղբը քչփորելու հոգսից: Մի քանի տարի առաջ տունս հրդեհ ընկավ և քիչ էր մնում ծխախեղդ լինեի – այնքան նրբագեղ մահ կստացվեր: Այդժամ կկարողանայի հանգիստ քնել. խելքս գնում է քնելու համար:
– Ձեզ երբեմն սոցիալիստ են անվանում…
Կ.Վ.- Այո, իհարկե, ես սոցիալիստ եմ, որ կամ: Մարքսն ինձ հիմա էլ է շատ հետաքրքրում: Ռուսաստանում կոմունիզմը տապալված փորձարարություն էր, բայց մի՞թե ցարիզմն ավելի լավ էր: Կապիտալիզմն էլ էր իդեալիստական և ձգտում էր ուտոպիա կառուցել: Բայց այն օրվանից, երբ վատ ջահելներն ամբողջ փողն իրենց ձեռքն առան, կապիտալիզմը դադարեց աշխատելուց:
– Բայց կապիտալիզմը երբեք ուտոպիայի չի ձգտել, նա միշտ էլ ենթադրել է, որ մարդն ագահ է:
Կ.Վ.- Այո, կապիտալիզմը ոչ միայն դա ենթադրում էր, այլև հաջողությամբ ապացուցեց:
– Ասել է, թե ելք չկա՞:
Կ.Վ.- Ելքը ինքնասպանությունն է: Ի դեպ, հենց մեր զրույցն ավարտվի և կախեմ հեռախոսափողը` ինքնասպան եմ լինելու:
– Եվ ո՞րն է լինելու Կուրտ Վոննեգուտի վերջին խոսքը:
Կ.Վ.- Ամեն ինչ հրաշալի էր և նույնիսկ առանց ցավիգ
Washington Profile
Անգլերենից թարգմանեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Cultural.am