Թուրքական արտադրության առաջին ուսումնական ինքնաթիռը կունենա չորս տարբերակ
Defense News-ի փոխանցմամբ՝ թուրքական TAI ընկերությունը 2013 թվականի հունիսին փորձարկելու է սեփական արտադրության Hürkuş ուսումնական նոր ինքնաթիռը: Ներկայումս ինքնաթիռն անցնում է ցամաքային փորձարկումների եզրափակիչ փուլը:
Ընդհանուր առմամբ, պատրաստվել է Hürkuş-ի երկու նախատիպ, որոնցից մեկը մասնակցել է ուժային սարքերի փորձարկումներին, իսկ երկրորդը՝ օդաչուների սենյակի՝ ճնշմանը դիմանալու փորձարկումներին:
Մոտ ժամանակներս պլանավորված է ստեղծել հեռանկարային ինքնաթիռի ևս երկու նախատիպ, որոնցից մեկը կփորձարկվի ամրության տեսանկյունից՝ ծառայողական հաշվարկային ժամկետի հաստատման համար:
Hürkuş-ի ռեսուրսը նախատեսված է 10.500 թռիչքային ժամվա կամ 35 տարվա ծառայության համար: Ակնկալվում է, որ 1600 ձիաուժ հզորությամբ շարժիչ ունեցող այդ ինքնաթիռը կկարողանա զարգացնել մինչև 574 կմ/ժամ արագություն և թռիչքներ իրականացնել մինչև 10.600 մետր բարձրության վրա:
Թուրքական ուսումնական ինքնաթիռի մշակման աշխատանքները մեկնարկել են 2006 թվականին: TAI-ն պլանավորել է թողարկել Hürkuş-ի 4 տարբերակ: Առաջին տարբերակը նախատեսված կլինի քաղաքացիական շուկայի համար, այն արդեն իսկ ստացել է Թռիչքների անվտանգության եվրոպական գործակալության վկայականը:
Երկրորդ տարբերակը կթողարկվի հատուկ ռազմաօդային ուժերի համար և կստանա թռիչքային առաջադրանքների ղեկավարման համակարգ, ինչպես նաև F-16 Fighting Falcon և F-35 Lightning II կործանիչների սարքերից:
Երրորդ տարբերակը կլինի ուսումնա-մարտական: Այս դեպքում ինքնաթիռը կստանա հրթիռային ու հրանոթային սպառազինությամբ բեռնարկղ՝ ընդհանուր մինչև 1.5 տոննա քաշով: Ակնկալվում է, որ ինքնաթիռի այս տարբերակը գործածվելու է օդից աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Եվ վերջապես չորրորդ տարբերակը նախատեսված կլինի առափնյա պաշտպանության համար: Այն հագեցած կլինի որոնման ինֆրակարմիր համակարգով, որը կղեկավարի երկրորդ օդաչուի տեղը նստած օպերատորը: