Նախարարներն ու ՊԵԿ նախագահը հավաստիացրել են, որ հետևանքները հաշվի են առնված

Հիմք ընդունելով «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքը` կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ` ի հայտ եկած դժվարությունները վերացնելու և տարընթերցումները հստակեցնելու նպատակով։ Տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն է տրվում իրացնել մինչև 2012 թ. նոյեմբերի 15-ը Հայաստան ներմուծված կամ Հայաստանում արտադրված, սակայն չդրոշմավորված և չիրացված կրիչները։ Հարցի քննարկման ժամանակ ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանի այն մտավախության, որ տնտեսվարողներին այս անգամ ընդառաջելուց հետո, որպեսզի նրանք վաճառեն պահեստներում կուտակված կրիչները, նույն հարցը չի՞ առաջանա արդյոք մեկ տարի անց, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ արդարադատության նախարարների պաշտոնակատարները, ինչպես նաև ՊԵԿ նախագահը հավաստիացրել են, որ առաջարկվող որոշման նախագծում հաշվի են առնված հնարավոր հետևանքները։ Ըստ վարչապետի դիտարկման մարդիկ նախապատվությունը տալիս են հազար դրամով անօրինական կրիչ` խտասկավառակ գնելուն, երբ օրինականը 5-6 անգամ ավելի թանկ է։ Այնուամենայնիվ, կառավարությունն ընդունել է պաշտոնյաների հավաստիացումը, իսկ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է երեք ամսից կրկին անդրադառնալ հարցին։

Տեսանյութեր

Լրահոս