Եվրահանձնակատարներ Նիլս Մուժնիեքսը և Շտեֆան Ֆյուլեն մայիսին կժամանեն Ադրբեջան
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայիսի 22-25-ին Բաքու է ժամանելու Մարդու իրավունքների հարցերով եվրահանձնակատար Նիլս Մուժնիեքսը: Այս մասին հայտնել են Ստրասբուրգում եղած դիվանագիտական աղբյուրները:
Վերջիններիս հաղորդմամբ՝ Մուժնիեքսը հանդիպելու է Ադրբեջանի ղեկավարության հետ և քննարկելու է մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակը: Ակնկալվում է նաև, որ եվրահանձնակատարը հանդիպելու է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Նույն աղբյուրների համաձայն՝ մայիսին Բաքու է ժամանելու նաև ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Վերջինիս հանդիպումներում քննարկվելու է «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում ժողովրդավարությանն առնչվող հարցերի մասով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման հարցը: