Գյումրիում վստահ են, որ վենդետա կլինի. մամուլ
«Նախօրեին ցերեկը Գյումրիի կենտրոնում հնչած կրակոցները, գյումրեցիների համոզմամբ, շարունակություն են ունենալու»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Հիշեցնենք, կրակոցներից, որոնք, ըստ «Գալա» հ/ը-ի, տևել են մոտ 20 րոպե, վիրավորվել, այնուհհտև հիվանդանոցում վիրահատաթյան ժամանակ մահացել էր Շեկո մականունով Արտյոմ Կարապետյանը, իսկ Քավոր Հարաթ մականունով Հարություն Խաչատրյանը, ով ևս վիրավորվել էր, թերևս հաշմանդամ կմնա։ Վերջինս, ինչպես երեկ լրագրողներին հայտնել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոցից, կրակոցից հետո անձամբ է փամփուշտը հանել իր լեզվի արմատի մոտից։
Նա, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, վիրավորվել էր բազկից, սակայն գնդակը պտտվել է մարմնում և ուսագոտով հասել ծնոտ ու վնասել նաև ողջ բերանը։ Քավորի կյանքին, սակայն, վտանգ չի սպառնամ։
Հանրապետության երկրորդ քաղաքի կենտրոնում զինված բախումը, ինչպես գրել ենք, տեղի էր ունեցել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի և Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմնակիցների միջև։ Գրիգորյանենք, ինչպես մեզ հայտնեցին Գյումրիից, երեկ ողջ օրը հիվանդանոցում ու դիահերձարանում էին, իսկ Ղուկասյանենք՝ ոստիկանությունում։
Դեռ նախօրեին գիշերը ոստիկանությունից հայտնել էին, որ մոտ երկու տասնյակ անձինք, այդ թվում՝ Վարդան Ղուկասյանը, բերման էին ենթարկվել։ Նպատակը հետագա արյունահեղության կանխումն էր։ Մի քանի ժամ ոստիկանությունում անցկացնելուց հետո Վարդան Ղուկասյանը, փաստորեն, որոշել է հանձնել իր եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին, թեև ականատեսները պնդում են, որ զինված բախման մասնակից է եղել նաև Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ինչպես նաև մյուս եղբորորդին՝ Կոլյա Ղուկասյանը։ Ողջ «բոյեվիկը», ի դեպ, ֆիքսվել է մոտակայքում գտնվող տեսախցիկներով։
Հիշեցնենք, Սպարտակ Ղուկասյանը անցնում է մեկ այլ քրեական գործով (հերթական կրակոցներ Գյումրու կենտրոնում, կրկին օրը ցերեկով), և ենթադրվում է, որ հայրը որոշել է խնայել նրան։ Ամեն դեպքում, Վահե Ղուկասյանը գործով այս պահին միակ ձերբակալվածն է։
Նախօրեին հիվանդանոցում մահացած Շեկոն, ըստ գյումրեցիների, պատգամավոր Մարտուն Գրիգորյանի աջ ձեռքն էր, Գրիգորյան ընտանիքի ամենամերձավոր անձանցից մեկը և նրա սպանությունը չի ներվելու։ Ու քանի որ Մարտուն Գրիգորյանը 2 օր է հեռախոսազանգերին չի պատասխանում, կապ հաստատեցինք նրա գրասենյակի ղեկավար, խորհրդական և օգնական Աղասի Աբրահամյանի հետ։
– Պարոն Աբրահամյան, ինչպե՞ս է տեղի ունեցածը գնահատում Մարտուն Գրիգորյանը:
– Մենք տարբեր տեղերում ենք եղել, կեսս՝ դիահերձարան, կեսս հիվանդանոց, ես նրա հետ ոչինչ չեմ քննարկել։ Բայց ես չգիտեմ, ուրիշ կերպ, քան զայրույթ… նաև ահավոր անակնկալ է։ Երկու երեխայի հորը սպանեցին։
– Այս հակամարտությունը Գրիգորյանների ու Ղուկասյանների ընտանիքների միջև տարիներ շարունակ ոչ մի ձևով չի հանգուցալածվում։ Ձեր կարծիքով, հնարավոր չէ՞ ընդհանուր լեզու գտնել և պատճառը ո՞րն է այս ամենի։
– Ես բացարձակապես իմ կարծիքն եմ հայտնում, հին ու նոր քաղաքապետերի վեճի ժամանակ Մարտուն Գրիգորյանը հաշտարար դատավորի դեր ստանձնեց, կոչ արեց, խնդրեց, հորդորեց՝ վերջ տան։ Հիմա ես չգիտեմ, կարող է, կար այն մարդը, որը պիտի կարողանար նստեցներ, հաշտեցներ, բացատրեր, ասեր կյանքը ընտրություններով չի, ընտրություններից բացի այլ բաներ կան այս կյանքում։ Երևի ինչ-որ մեկը պիտի բարի առաքելություն ստանձներ այս տարիների ընթացքում։ Եթե պիտի բան ասեին, պիտի նախկին քաղաքապետին, նրա ազգուտակին ասեին, մեզ առանձնապես բան չկար ասելու։
– Քաղաքում ավելի շատ ասում են, որ վերջին կրակոցները Կոլյա Ղուկասյանին ծեծելու հետևանքն էին։
– Ես այդ հարաբերություններից առանձնապես մանրամասն տեղյակ չեմ, ես գիտեմ, որ այդ ընտանիքը լավ բան չի կարող անել, ես գիտեմ, որ այդ ընտանիքում երբևէ չի եղել մարդկանց հետ հաշտ ու խաղաղ ապրելու տրամադրվածություն։ Հիմա թե որը որ պատմության շարունակությունն է, չեմ կարող ասել։
– Մարդիկ քաղաքում խիստ ահաբեկված են ու նաև վստահ, որ հակառակ կողմը վրեժ կլուծի։ Ձեր տպավորությունն ինչպիսի՞ն է:
– Ես կարծում եմ, որ իրենք եթե վրեժ էին լուծում, եթե ինչ-որ վեճի շարունակությունն է, եթե ինչ-որ բանի պատասխան էին տալիս, տվեցին, դրանից ավելի հուժկու ի՞նչ պիտի անեին։ էլ ի՞նչ կա անելու, որ չեն արել։
– Հիմա էլ Մարտուն Գրիգորյանենք վրեժ կլուծեն։
– Այ այդտեղ մի քիչ կասկածում եմ։ Ես այդ մարդկանց հետ եմ աշխատում 6-7 տարի, ինչ-որ մեկն էլ կար, որ հաշտարար դատավորի դերը չստանձնեց, այլ ճիշտ հակառակն արեց, հավասարության նշաններ դրեց, ամեն ինչ արեց, որ այդ 2 ընտանիքների մեջ հավասարության նշաններ դրվեր, արեց, սխալ արեց, չգիտեմ ով արեց, կամ ովքեր էին արեցին… Ես այնքան էլ համաձայն չեմ վենդետայի հետ, ինչ եղել, եղել է, ես կարծում եմ, սա վերջակետն էր։ Կարող է սխալվեմ, բայց տա Աստված, որ ճիշտ լինեմ, բայց ինձ թվում է, վերջակետը դրել են։ Էլ ի՞նչ պիտի անեն, սրանից ավել ի՞նչ պիտի անեն։
– Իսկ հաշտատար դատավոր ասելով ո՞ւմ նկատի անեք։
– Մի քանի մարզպետ է եղել, երկրի իշխանություններ են, մեկն ու մեկը կարող էր հաշտարար դատավորի դերը ստանձնել։
– Իսկ ոստիկանությանը չեք մեղադրո՞ւմ, օրինակ, երեկ Լևոն Բարսեղյանը ասաց, որ ոստիկանությունը դարձել է դիակ հավաքող և որևէ կանխարգելիչ գործողություն չի անում, եթե աներ, այս ամենը կկանխվեր։
– Կարծում եմ, ոստիկանությունը այդքան ուժ և զորություն չունի, որ կարողանա դրանց զսպել։
Լուսինե Բարսեղյան