
Ո՞ւմ հաշվին են բյուջե լցնում. մամուլ

«Անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ի կողմից ընդունված «Շրջանառության հարկի մասին» օրենքը մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար դարձել է իսկական գլխացավանք:
Բանն այն է, որ ընկերություններն այս տարվա հունվարի 1-ից, բացի ամենամսյա պարտադիր սոցիալական վճարից և եկամտահարկից, պետք է յուրաքանչյուր եռամսյակը մեկ վճարեն շրջանառության հարկ։
Այս նոր հարկատեսակը շատ ավելի բարձր է, և մանր ձեռնարկատերերից շատերը, հնարավոր է, պարզապես դադարեցնեն իրենց գործունեությունը։ Հարկային այս փոփոխություններն ուղղակիորեն առնչվում են նաև թերթերին, որոնք ևս պետք է եռամսյակը մեկ շրջանառության հարկ վճարեն։ Եվ հասկանալի է, որ այս հարկատեսակը դամոկլյան սրի նման կախված է ոչ թե իշխանական, այլ ընդդիմադիր և ազատ լրատվամիջոցների գլխին։
Պատճառն այն է, որ Հայաստանում լայն սպառում, հետևաբար նաև մեծ շրջանառություն ունի հենց ազատ մամուլը։ Ու չի բացառվում, որ շատ լրատվամիջոցներ պարզապես սնանկանան և փակվեն, ինչն էլ հանգեցնի մեդիաոլորտում մենաշնորհի հաստատման։ Մի երևույթ, որին իշխանությունները ձգտում են աննախադեպ հետևողականությամբ»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: