Լրացուցիչ մի քանի միլիոն դոլար՝ ոչ երևանցիների հաշվին
Գաղտնիք չէ, որ Երևանի բյուջեն փոքր է, հնարավորությունները՝ սուղ, հետևաբար և` քիչ հնարավոր է այդ գումարով լուրջ նախագծեր ակնկալել քաղաքային իշխանություններից։ Երևանի տարեկան բյուջեն շուրջ 63 միլիարդ դրամ է (160 միլիոն դոլար) և մեկ երևանցու հաշվով` այդ ցուցանիշով գրավում ենք վերջին տեղերն աշխարհի մայրաքաղաքների շարքում։
Ինչպես նախկինում գրել էինք, բյուջեի եկամուտները մեծացնելու հնարավորություններն իրականում մեծ չեն, որովհետև ՀՀ հարկային քաղաքականությունն այնպիսին է, որ հարկային եկամուտների մեծ մասը գնում է ոչ թե քաղաքի, այլ` կենտրոնական բյուջե։
Այնուամենայնիվ, կան աննկատ մնացած որոշ հնարավորություններ, որոնք կարող են քիչ թե շատ հարստացնել մայրաքաղաքի գանձարանը։ Դրանցից մեկը, պայմանականորեն, կարելի է անվանել «զբոսաշրջիկների հարկ»։
Դրա էությունը հետևյալն է. Երևան քաղաքի հյուրանոցներում կամ հոսթելներում հանգրվանած զբոսաշրջիկները վճարում են հյուրանոցի համար գնի որոշակի տոկոս (ասենք` 5-10%) կամ ֆիքսված գումար՝ որպես հարկ, որը գնում է քաղաքային բյուջե (հարկատեսակը չի տարածվում անհատ մարդկանց տներում հանգրվանած զբոսաշրջիկների վրա)։
Նշենք, որ սա որևէ նոր, օրիգինալ լուծում չէ։ Եվրոպական խոշոր քաղաքներից շատերը վաղուց կիրառում են այս մոդելը (Հռոմ, Ֆլորենցիա, Բարսելոնա և այլն)։ Բեռլինի քաղաքային իշխանությունները նույնպես որոշում են ընդունել 5%-անոց հարկ սահմանել զբոսաշրջիկների համար։
Երևանի դեպքում այս հարկատեսակը ներդնելու պարագայում նույնպես հնարավոր է զգալի եկամուտներ ստանալ։ Հիմնավորումները և հաշվարկը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում։