ՀՀԿ պատգամավորը շների գծով իրենց մեջի լավագույն մասնագե՞տն է

«Ասում են, թե քաղաքի բյուջեն հնարավորություն չի տալիս մի շարք խնդիրներ լուծել: Իսկ քաղաքի բյուջեն հնարավորություն տալի՞ս է 350 մլն դրամ ծախսել մի քանի շենքերի տոնածառի փուչիկների համար, 220 մլն դրամ ծախսել իբր շների ոչնչացման համար: Եվ այդ տենդերը ամեն տարի շահում է Հանրապետական նույն պատգամավորը, որը երևի շների գծով իրենց մեջի լավագույն մասնագետն է»,- այսօր Զեյթունի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Վերջինս խոստովանեց, որ Հայաստանը հարուստ երկիր չէ, ու պետության հնարավորություններն էլ սուղ են, բայց միաժամանակ շեշտեց, որ «ճիշտ» ծախսեր կատարելու դեպքում հնարավոր էր լուծել լրջագույն խնդիրներ:

«Եվ հիմա, այն քաղաքական ուժը, որը 15 տարի միահեծան կառավարում է երկիրը, ասում է, թե մեր դեմ խաղ չկա, թե մենք ենք թելադրում խաղի կանոնները: Իսկ մենք ձեզ հետ միասին, սիրելի ժողովուրդ, մայիսի 5-ին պետք է ցույց տանք, որ իրենք չեն թելադրում խաղի կանոնները: Մեր երկրում խաղի թելադրողը մեկն է` ժողովուրդը»,- ասաց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը ավելացրեց, որ եթե գործող իշխանության առջև դրված է եղել խնդիր հայաթափել Հայաստանը, մեծացնել աղքատության տոկոսը, արտագաղթի թիվը, ապա «բրավո», այդ խնդիրները նրանք «փառահեղորեն» լուծել են:

Կարդացեք նաև

«Եթե իրենց հռչակած նպատակն սրանք են ու այս ամենի համար պետք է իրենց վստահենք, ուրեմն՝ ժողովուրդ, մտածեք, որ այս քաղաքական թիմը առաջիկա հինգ տարիների ընթացքում խորացնելու է երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները: Իսկ մայիսի 5-ին մենք ունենք հնարավորություն փոխելու հայաստանցու կյանքը, որպեսզի այն երեխան, որին ես տեսա այստեղ գալուց առաջ, չմեծանա անհայրության  պայմաններում ու չասի թե 8 տարի իր հորը չի տեսել:

Անհայրության պատասխանատուն այսօր այս քաղաքական թիմն է, որ հարյուր հազարավոր ընտանիքներ իրենց օջախի տիրոջը չունեն»,- շեշտեց պատգամավորը` հավելելով, որ այս տարիների քաղաքականության համար պետք է «պատասխան տան»:

Տեսանյութեր

Լրահոս