Բնապահպանները նամակով դիմել են ՀՀ վարչապետին
«Էկոակադեմիա» հկ-ի նախագահ Գ. Գաբրելյանը, «Դալմա Սոնա» հիմնադրամի նախագահ Ռ. Ղազարյանը, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող, «Թռչնասերների կենտրոն» հկ-ի նախագահ Սիլվա Ադամյանը, Հայաստանի «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը նամակով դիմել են ՀՀ վաչապետ Տիգրան Սարգսյանին:
Վերջիններս վարչապետից անմիջակն հանդիպում են խնդրում՝ նրան ներկայացնելու համար, որ «Մեգո Գոլդ» ընկերությունը հանքահանություն իրականացնում է ՀՀ օրենսդրության խախտմամբ:
«Մեծարգո պարոն Վարչապետ,
Ս/թ Ապրիլի 19-ին` ժամը 12.00-ին, ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդակցությունների դահլիճում (Կառավարության 3-րդ մասնաշենք, 5 հարկ) ըստ նախարարության հայտարարության` տեղի ունեցան «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Թուխմանուկի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարի նախագծի բնապահպանական մասի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, հասարակական կարծիքի, ազդակիր համայնքի ղեկավարի և համապատասխան պետական մարմինների կարծիքների “հասարակական լսումները”:
Համաձայն հայտարարության` հանրությունը կարող էր նախագծային փաստաթղթերին նախապես ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում: Սակայն դրա հնարավորությունը մեզ բացարձակապես չտրվեց: Փոխարենը` ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալի կողմից մեզ առաջարկվեց նախագծի ողջ փաթեթին ծանոթանալ հենց լսումերի ընթացքում:
Հայտարարված մասնագիտական լսումների ժամանակ Նախարարի մոտ հավաքվել էին հիմնականում նախարարության աշխատակիցները, ինչպես նաև` Ընդերքօգտագործողի կողմից այդտեղ բերված մոտ 30 հոգի մարդիկ, որոնց մասնագիտական մակարդակը բավարարում էր միայն նախարարի և ներկաների ներկայությամբ հիմնական մասնագետներից մեկին` Հակոբ Սանասարյանին հայհոյելու համար: Ինչին, իհարկե պարոն նախարարը ադեկվատ վերաբերմունք չցուցաբերեց:
Ակնկալվում էր, որ այդտեղ պետք է արտահայտեին իրենց կարծիքը մասնագետները և ներկայացվեր հանրության կարծիքը: Տեղում չներկայացվեց շահագրգիռ կազմակերպությունների և պետական գերատեսչությունների գրավոր վերաբերմունքը: Ավելին, ներկաներից մեկի դիտողությանը, թե սա նման չէ մասնագիտական քննարկման, այլ նման է “թույլ ուսանողի համար նախօրոք պատրաստված հարցերի”, այլապես այստեղ կլինեին հանրապետության Ազգային Ակադեմիայի և այլ գիտական հիմնարկների ներկայացուցիչներ, – Նախարարը շատ խիստ պահանջեց` լռել և դուրս գալ դահլիճից: Չթույլատրվեց նաև տեղում ընթերցել համապատասխան գերատեսչությունների մասնագիտական կարծիքը:
Հակառակ սրան ընկերությանը անսահմանափակ թույլ տրվեց դրական լույսի ներքո ներկայացնել իրենց թերի նախագիծը: Բացի այն որ այն թերի էր, մասնավորապես բացակայում էր սոցիալական, առողջապահական ռիսկերը,: Բացի այդ ընկերությունը ներկայացրել է պոչամբարի նախագծի միայն “բնապահպանական մաս” կոչվածը, առանց հանքավայրի շահագործման և հանքաքարի վերամշակման նախագծերի:
Նշված և այլ բացթողումների, թերությունների ու խախտումների մասին, իրենց գրություններով /պատճենները կցվում են/ բնապահպանության նախարարությանը տեղեկացրել են նաև արտակարգ իրավիճակների և առողջապահության նախարարությունները: Այդ Կարծիքների պատճենները մեզ տրամադրվեցին միայն լսումներից հետո:
Միայն այն հանգամանքը, որ Թուխմանուկի հանքավայրը գտնվում է բարձրադիր վայրում, ջրագոյացման և ջրահեռացման համակարգում, արդեն իսկ անթույլատրելի է դարձնում տվյալ տարածքում հանքավայրի շահագործումը և պոչամբարի կառուցումը: Դրանով վտանգի տակ է դրվում, հանրապետության համար բացառիկ նշանակություն ունեցող խմելու և որոգման ջրի համակարգը: Ավելի ցածր նիշում կառուցված են Հալավարի և Ապարանի ջրամբարները: Խիստ կարևորագույն խնդիրներից է, որ հանքավայրի հարևանությամբ է գտնվում Հանքավանի ջրաբանական պետական արգելավայրը: Փաստորեն հարցականի տակ է դրվում հանքային և խմելու ջրերի ապագան: Ընդերքօգտագործողը իր պնդումներում նշում է, որ իրենց կառուցած պոչամբարները անվտանգ են և նրանցից շրջակա միջավայր` որևէ նյութի սփռում բացառվում է:
Մեծարգո պարոն Վարչապետ,
ելնելով իրավիճակից, խնդրում ենք Ձեզ հետ անմիջական հանդիպում, որպեսզի Ձեզ անձամբ ներկայացնենք այն փաստերը, որոնք հաստատում են, որ սկսած 2005 թվականից առ այսօր Մեգա Գոլդը իրականացնում է բաց հանքահանություն առանց փորձաքննական դրական եզրակացության, ինչը հանդիսանում է ՀՀ օրենսդրության կոպիտ խախտում: Ընկերությունն ունի միայն հանքը շահագործելու պայմանական եզրակացություն, այն էլ 2 տարվա համար , որի ժամկետը վաղուց անցել է»,- նշված է նամակում: