Բաժիններ՝

Իրանի սահմանամերձ գոտու բնակիչներն ընտրությունների շեմին կդառնան սահմանապահների օգնականներ

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին սահմանամերձ գոտիների բնակիչները կօգտագործվեն որպես սահմանապահների օգնականներ՝ երկրի սահմանների նկատմամբ վերահսկողությունը մեծացնելու նպատակով:

Այս մասին հայտարարել է Իրանի սահմանապահ զորքերի փոխհրամանատար Համիդ Շարաֆին: Վերջինիս հաղորդմամբ՝ անհրաժեշտ նախապատրաստությունից հետո սահմանային շրջանների բնակիչները կվերցվեն աշխատանքի որպես սահմանապահների օգնականներ:

Շարաֆին հավելել է, որ սահմանապահների առաջին օգնականները ոչ վաղ անցյալում սկսել են իրենց գործառույթները կատարել Իրանի արևելյան սահմաններին: Նա ընդգծել է, որ այդ ամենն իրականացվում է զինված ուժերին բնակչությանն օգնելու ծրագրի շրջանակներում, և որ բնակիչների հավաքագրումն իրականացվում է նաև երկրի այլ սահմանային շրջաններում:

Շարաֆիի խոսքերով՝ լեռնային շրջաններում մեծացվելու է սահմանապահների քանակը, ինչպես նաև պլանավորված է ուժեղացնել հսկողությունն Իրանի ծովային սահմանների նկատմամբ: Իրանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 14-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս