Վենեսուելան սպառնացել է պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ
Ամերիկյան Associsted Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի ԱԳՆ-ը սպառնացել է ԱՄՆ-ի հանդեպ սահմանել առևտրային, էներգետիկ ու քաղաքական բնույթի պատժամիջոցներ:
Այս հայտարարությունն արվել է ի պատասխան ԱՄՆ պետքարտուղարի՝ Արևմտյան կիսագնդի գծով օգնական Ռոբերտ Ջեկոբսոնի արած առաջարկի, որում խոսք էր գնում այս տարվա ապրիլի 13-ին Վենեսուելայում անցկացված նախագահական արտահերթ ընտրությունների քվեների վերահաշվարկ կատարելու մասին:
Վենեսուելայի արտգործնախարար Էլիաս Խաուան հայտարարել է. «Մենք կտրականապես համաձայն չենք Ջեկոբսոնի հայտարարության հետ: Մեր տեսանկյունից առավել լուրջ է Վենեսուելայի դեմ պատժամիջոցներ սահմանելու սպառնալիքը:
Մենք պատրաստ կլինենք ձեռնարկել պատասխան պատժամիջոցներ, որոնք կունենան տնտեսական, առևտրային, էներգետիկ ու քաղաքական բնույթ»:
2012 թվականին ԱՄՆ-ից Վենեսուելայի ներկրումը կազմել է 17 միլիարդ դոլար, երկկողմանի առևտրաշրջանառության ծավալը՝ 56.3 միլիարդ դոլար: ԱՄՆ-ն օրական ներկրում է մոտ 900.000 բարել վենեսուելական նավթ:
Միևնույն ժամանակ երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունները շարունակում են մնալ լարված և իրականացվում են գործերի ժամանակավոր հավատարմակատարների միջոցով: