Դավիթ Հարությունյանը՝ ԵԽ ԽՎ պատվիրակներին. Պետք է զգույշ լինել «վարչական ռեսուրսի կիրառում» արտահայտությունը օգտագործելիս

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Եվևոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) գարնանային նստաշրջանում քննարկվեցին 2013 թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահական ընտրությունները: Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացրած մի շարք եվրոպացի պատգամավորների զեկույցներից հետո ելույթ ունեցավ նաև ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Նա նշեց, որ եվրոպացի դիտորդների զեկույցները ցույց են տալիս, որ նրանք մտահոգված են Հայաստանի ապագայով: «Դա միակ դիրքորոշումն է, որը կարող է օգնել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը»,- ասաց Դավիթ Հարությունյանը: Նա նույնպես, ինչպես եվրոպացի դիտորդների մեծամասնությունը, կարծիք հայտնեց, որ վերջին նախագահական ընտրությունները մեկ քայլ առաջ էին դեպի ժողովրդավարություն:

Միաժամանակ Դավիթ Հարությունյանը չհամաձայնեց եվրոպացի դիտորդների զեկույցի որոշ կետերին, մասնավորապես` իշխանությունների կողմից վարչական ռեսուրսների կիրառման վերաբերյալ տրված գնահատականին:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ չի ուզում մարտահրավեր նետել զեկույցի որոշ կետերին, որոնք, ըստ նրա, վիճելի են, բայց անդրադարձավ, իր իսկ խոսքերով՝ գլխավոր խնդրին, որը վերաբերում էր վարչական ռեսուրսի կիրառմանը:

Դ.Հարությունյանը նշեց, որ «վարչական ռեսուրսի կիրառում» արտահայտությունը լայնորեն կիրառվում է եվրոպական կազմակերպությունների կողմից` մասնավորապես օտար երկրներում ընտրությունները գնահատելու ժամանակ, սակայն կարծիք հայտնեց, որ պետք է զգույշ լինել այդ արտահայտությունը օգտագործելիս, քանի որ դժվար է հստակ որոշել սահմանը` վարչական ռեսուրսի օգտագործման և ղեկավար պաշտոնյաների կողմից ընտրական գործընթացին միջամտելու միջև:

Տեսանյութեր

Լրահոս