Մոսկվայում Հայաստանի հյուպատոսը ծեծե՞լ է ՀՀ քաղաքացուն
Այսօր shamshyan.com-ի թղթակցի հետ Մոսկվայից կապ է հաստատել մեր հայրենակից Ժիրայր Թադևոսյանն ու հայտնել, որ իր բարեկամներից մեկը` Արտակ Հակոբյանը գնացել է ՌԴ-ում Հայաստանի հյուպատոսարան` ընկերոջ անձնագիրը վերցնելու և մուտքի մոտ տեսել է երիտասարդ մի հայ կնոջ` մանկահասակ երեխայի հետ, ում չեն թույլատրում իր երեխային իր հետ բերել Հայաստան` հոր հուղարկավորությանը մասնակցելու:
Նա, փորձելով օգնել կնոջը, ներգրավվել է խոսակցության մեջ, որի ժամանակ Մոսկվայում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Գարիկ Մելիքսեթյանն անձամբ դուրս է եկել շենքից, մոտեցել Հակոբյանին ու հրավիրել իր աշխատասենյակ:
Աշխատասենյակում Գարիկ Մելիքսեթյանը ծեծի է ենթարկել 60-ամյա Արտակ Հակոբյանին, վերցրել անձնագիրը, բջջային հեռախոսը, դրամապանակը` 32 000 ռուբլի գումարով ու մյուս անձնական իրերը, ահաբեկել` ասելով, որ ոչ մի տեղ չպատմի կատարվածի մասին ու դուրս հրավիրել հյուպատոսարանից:
Հակոբյանն առանց գումարի ու կապի միջոցի, ոտքով գնացել է տուն, որի արդյունքում հիվանդացել ու այժմ գտնվում է մոսկովյան հիվանդանոցներից մեկում` թոքերի բորբոքումով:
Նույնիսկ մոսկովյան հիվանդանոցներում են հասկացել իրավիճակն ու առանց փաստաթղթերի ընդունել հիվանդին:
Նշվում է, որ Ժիրայր Թադևոսյանը խնդրել է shamshyan.com-ին լուսաբանել այս մասին ու ԱԳՆ-ի օգնությամբ հետ վերցնել հիվանդի անձնագիրը` հիվանդանոց ներկայացնելու համար:
«Միայն մի բան չեմ հասկանում, օտար երկրում ինչ էլ որ հայրենակիցդ արած լինի, իրավունք չունես ցավ պատճառելու: Էլ չեմ խոսում այն մասին, որ նման կերպ է վարվել մեր ազգը Ռուսաստանում ներկայացնող անձը»,- վրդովված ասել է պրն. Թադևոսյանը: