Ջունգլիների կանոնները՝ ընդդիմության մեջ
«Ես որևէ կանխատեսում` Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կապված, չեմ կարող անել, որովհետև ինձ համար գոնե քաղաքական դաշտում Րաֆֆի Հովհաննիսյանը անկախատեսելի քաղաքական գործիչ և լիդեր է»,- 168.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած այսօրվա քաղաքացիական ազգային համաժողովին ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
Նրա խոսքով՝ երբ հասարակությունը որևէ քաղաքական ուժից հիասթափվում է՝ լինի դա իշխանությունից, թե ընդդիմությունից, հիասթափությունը տարածվում է բոլորի վրա: «Անկախ նրանից, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ինչի համար է ձևավորում այդ նոր համաժողովրդական ճակատը և հավաք կազմակերպում, թող դա չլինի հերթական հիասթափության հանգրվանը»,- նշեց Հովհաննես Սահակյանը:
Արդյոք այս հանդիպումը կարո՞ղ է լինել ընդդիմության միավորման առիթ՝ հարցին, Հովհաննես Սահակյանը դժվարացավ պատասխանել, սակայն կարծիք հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին որևէ ընդդիմադիր գործիչ իրականում չկանգնեց, եղան քաղաքական գործիչների կողմից հայտարարություններ, բայց որևէ մեկը շարժման կողքին չկանգնեց:
«Ավելին՝ առաջին նախագահը ցիտումներ արեց, հեգնանքով վերաբերեց՝ միևնույն ժամանակ մոռանալով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, երբ հացադուլի էր, ինքը նույն այդ ժամանակ չմոտեցավ Րաֆֆի Հովհաննիսյանին: Կարծում եմ՝ խնդիրը հենց ընդդիմադիր հատվածի միավորվելու մեջ է, այնինչ՝ մեկը մյուսին ջունգլիների կանոններով՝ ոչնչացնելով, խժռելով, փորձում են վերցնել ընդդիմադիր զանգվածի ձայները»,- նկատեց Հովհաննես Սահակյանը: