Հմայակ Հովհաննիսյան. Առանց բերման ենթարկվելու՝ ես ամսի 2-ին ներկայանալու եմ նիստին

«Կարող եք ինձ շնորհավորել. հայտնվել եմ ոստիկանության և դատաիրավական համակարգի ուշադրության կենտրոնում: Այս երկրում ամենամեծ ամենաօրինախախտը Հմայակ Հովհաննիսյանն է»,- 168.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա որոշմանը Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստից Հմայակ Հովհաննիսյանի բացակայությունը համարվել է անհարգելի և որոշում է կայացվել հաջորդ նիստին, որը կայանալու մայիսի 2-ին, նրան բերման ենթարկել:

Հավելենք, որ քաղաքագետների միության նախագահը մեղադրվում է «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲԸ-ի նախագահ Սենիկ Ջուլհակյանին մարմնական վնասվածք հասցնելու մեջ:

Հմայակ Հովհաննիսյանը բացատրեց, որ այսօր դատական նիստին չի ներկայացել իր փաստաբանի՝ Գեորգի Գուլքանյանի վատառողջության պատճառով: Նա պատմեց, որ նախորդ դատական նիստին ևս փաստաբանը ջերմություն է ունեցել, հիվանդ է եղել գրիպով,  սակայն ուժերի լարումով կարողացել է ներկա գտնվել նիստին, չնայած հենց դատավորն է առաջարկել նիստը հետաձգել:

Հմայակ Հովհաննիսյանը շեշտեց այն փաստը, որ հենց նույն  դատական նիստին տուժողը չէր ներկայացրել, ընդ որում՝ առանց որևէ բացատրության, սակայն նրան բերման ենթարկելու որոշում դատարանն այդպես էլ չի կայացրել:

Ապրիլի 18-ի դատական նիստին չներկայանալու մասին իր փաստաբանը նախօրոք դիմում է ներկայացրել դատարանին և այդ իրազեկումն ընդունվել է դատարանի կողմից:  Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ ինքն իրավունք ունի պատասխանել միայն իր փաստաբանի հարցերին և քանի որ վերջինս չէր կարողանալու ներկայանալ նիստին, այդ պատճառով ինքը նպատակահարմար չի գտել ներկա լինել դատական նիստին:

«Այսօր տեղի է ունեցել մի տրագիկոմեդիայի նմանվող ներկայացում: Այդ որոշումը ցույց է տվել, որ դատավորը, խախտելով օրենքը, ցուցաբերում է կողմնակալ մոտեցում և կատարում է դատախազի ցուցումները»,- նշեց Հմայակ Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով, այս որոշումը իրեն՝ Հայաստանի քաղաքագետների միության նախագահին, երկրորդ և երրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորին, նվաստացնելու նպատակ է հետապնդում:

Ինչ վերաբերում է մայիսի 2-ին բերման ենթարկվելուն, դրա կարիքը, ըստ Հմայակ Հովհաննիսյանի՝ չկա:

«Առանց որևէ բերման ենթարկվելու՝ ես ամսի 2-ին ներկայանալու եմ նիստին և հենց նիստի սկզբին պնդելու եմ դատավորի ինքնաբացարկը»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը՝ հույս հայտնելով, որ մինչ այդ իր փաստաբանն առողջացած կլինի:

Տեսանյութեր

Լրահոս