Մկրտումյանի գլխին սև ամպեր են կուտակվել

168.am-ի տեղեկություններով՝ վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ խոսակցություն է ունեցել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հետ: Ասում են՝ դա է պատճառը, որ Մկրտումյանը վերջերս շատ անտրամադիր է: Պատճառը՝ բազմաթիվ դժգոհություններն են Մկրտումյանի գործունեությունից և Վճռաբեկ դատարանում կոռուպցիոն երևույթներից:

Ըստ մեր աղբյուրների՝ վերջերս Մկրտումյանի և առհասարակ դատական համակարգում տիրող վիճակի մասին իրենց դժգոհություններն են ներկայացրել որոշ խոշոր ներդրողներ, որոնց նկատմամբ Վերաքննիչ քաղաքացիական և Վճռաբեկ դատարանները խիստ կողմնակալ վճիռներ են կայացրել: Ի դեպ, հենց այդ բողոքների արդյունքում է «ծնվել» նաև վերջերս Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանի  կողմից ներկայացված «հրաժարականի» դիմումը: Վերջինս այդ պաշտոնը զբաղեցնում էր 2000 թվականից:

Ընդ որում, Տ. Սահակյանին պարտադրել են հրաժարական տալ, քանի որ ներդրողներից մեկի բողոքը նաև այս դատավորի կամայական և կողմնակալ որոշումների դեմ է ուղղված եղել: Ինչպես ընդունված է ՀՀ դատական համակարգում՝ կաշառքի դիմաց կողմնակալ որոշում է կայացվել, որի մասին արտասահմանցի հայ ներդրողը երկրի ղեկավարին զրույցի ընթացքում տեղյակ է պահել:  Նախագահ Ս. Սարգսյանն այդ ամենի մասին տեղեկանալուց հետո կոշտ զրույց է ունեցել Ա. Մկրտումյանի հետ, ով հովանավորում էր Տ. Սահակյանին:

Իհարկե, Տիգրան Սահակյանն իր «հրաժարականի» մասին խոսելիս ասում է, թե «հոգնել էր» աշխատանքից, սակայն դատական համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ վերջինիս պարզապես «լավություն» են արել, հակառակ դեպքում նրա դեմ գործ պետք է հարուցվեր: Տ. Սահակյանն, ի դեպ, իր լիազորությունները վայր դնելու փաստի առթիվ լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան՝ նաև ասել էր, թե 27 տարի այս համակարգերում աշխատել է, առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի. «Սրտի վիրահատություններ եմ տարել, ստենտավորվել եմ, շաքար ունեմ, և այլն: Հիմա որոշել եմ միայն ընտանիքիս համար ապրեմ, արդեն հերիք է»,- ասել է նա  «Հետքի» հետ զրույցում:

Կարդացեք նաև

Ամենահետաքրքիրն այն է, որ լիազորությունները վայր դնելուց անմիջապես հետո Տ. Սահակյանը սկսել է ակտիվորեն զբաղվել իր իրավաբանական գրասենյակով: Ի՞նչ է պատահել, հիմա էլ դատավորի իր կապերը կօգտագործի՝ այլ ծառայություններ մատուցելով և «միջնորդական» հարցեր լուծելով:

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ով, բնականաբար, այս ամբողջ պատմության մասնակից է (և բազմաթիվ նման դեպքերով), ըստ մեր տեղեկությունների, սարսափով սպասում է իր «ճակատագրի» հետ կապված վճռին: Ի դեպ, Մկրտումյանի կոռուպցիոն գործունեության դեմ վերջերս ՀՀ նախագահին ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններից մեկի կողմից ևս փաստեր են ներկայացվել նաև մեկ այլ գործի առնչությամբ՝ արտասահմանցի մի խոշոր գործարարի դեմ կայացված ապօրինի որոշման հետ կապված:

Տեսանյութեր

Լրահոս