
Ֆիլմերի փառատոն՝ Կապանում

Արտագաղթ, մարդու իրավունքներ, պատերազմ, կոնֆլիկտներ, հակասություններ. Մի տնից չենք, բայց մի հալի ենք: Այս խնդիրներն աշխարհի ցանկացած կետում գոյություն ունեն, և այդ իսկ պատճառով վավերագրական կինոյի լեզվով սյունեցի հանդիսատեսին փորձեցին ներկայացնել այդ խնդիրների լուծումը: CAUCADOC ծրագրի շրջանակներում Կապանում և Քաջարանում անցկացվեց կինոփառատոն: Երեք օրում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու 6 ֆիլմ: Ֆիլմերի ցուցադրումից հետո տեղի ունեցան քննարկումներ: Սյունիքում փառատոնը կազմակերպել էր «Երկյակ» հ/կ-ն, որն ընտրվել էր մրցույթով:
Փառատոնի հյուր՝ կինովավերագիր, լրագրող, ռեժիսոր Վարդուհի Սիմոնյանը կարևորեց փաստավավերագրական ֆիլմերի նկարահանումները մեր օրերում: «Աշխարհն արդեն հասկացավ, որ մեծ գումարներ և ճոխ կրիչներ պետք չեն փաստավավերագրելու համար ճշմարտությունները: Դուք բոլորդ կարող եք վերցնել ցանկացած կրիչ և փաստավավերագրել այս աշխարհում տեղի ունեցող շատ կարևոր իրադարձություններ: Այդ ֆիլմերը կարող են Հայաստանի համար լինել թիրախային, և հատկապես լեռնային շրջաններում ապրող երեխաները պետք է անպայման հեռախոսով, ձեռքի եղած կրիչով շրջեն, որովհետև այստեղ՝ այս աշխարհում, այնքան բան կա նկարելու»,- ասաց նա:
Ի դեպ, փառատոնի շրջանակներում կազմակերպվել էր նաև նկարների ցուցահանդես և շարադրությունների մրցույթ, որոնցում լավագույնը ճանաչվածները կստանան 10 հազարական դրամ և Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կոմղից խրախուսական նվերներ:
Փառատոնը ֆինանսավորվել է չեխական կառավարության կողմից, իսկ Սյունիքի փառատոնին աջակցել էր նաև Կապանի քաղաքապետարանը, «Դինո գոլդ մայնինգ Քամփնին», «Քինգ դե լյուքս» ընկերությունը:
Ֆիլմերը միաժամանակ ցուցադրվեցին Ադրբեջանում և Վրաստանում: Հայաստանում, բացի Սյունիքից, փառատոնը կազմակերպվել էր նաև Եղեգնաձորում, Նոյեմբերյանում, Գյումրիում և Վանաձորում: