Բաժիններ՝

Թուրքիայի հետ հաշտված PKK-ականների թիրախում կհայտնվի Իրանը. Zaman

Թուրքական Zaman թերթը հոդված է հրապարակել այն հնարավոր սպառնալիքի մասին, որն Իրանի համար պարունակում է թուրքերի ու քրդերի հաշտեցումը. «Իրանը պաշտոնապես դեռ ոչ մի կերպ չի արձագանքել Թուրքիայի կառավարության ու «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) միջև հաջողությամբ տարվող խաղաղության բանակցություններին:

Բայազետի համալսարանը ներկայացնող Իրանի հարցերով թուրք փորձագետ Բայրամ Սինքայան կարծում է, որ Թուրքիայի տարածքից PKK-ի զինյալների դուրս գալու հավանականությունը չի կարող չանհանգստացնել Իրանին, իսկ ավելի ճշգրիտ՝ Իրանին ու Սիրիային:

Սինքայան ընդգծում է, որ իրանական ուժերի ու Քրդստանի ազատ կյանք կուսակցության (PJAK, որը հանդիսանում է PKK-ի իրանական թևը) միջև առկա փխրուն հրադադարը կարող է հեշտորեն խախտվել այն բանից հետո, ինչ Իրանում կհայտնվի «թարմ արյուն»՝ PKK-ի հարյուրավոր զինված ու փորձառու զինյալները:

Իրանում հրադադարը կնքվել է 2011 թվականի սեպտեմբերին, երբ իսլամական հանրապետության կառավարությունը հայտարարեց քրդերի նկատմամբ «վերջնական հաղթանակի» մասին: Այնուամենայնիվ, այդ «հաղթանակից» հետո տեղի են ունեցել տասնյակ արյունալի բախումներ:

Սինքայան պնդում է, որ իրանական մտավախությունների բարձր մակարդակի մասին անուղղակիորեն վկայում է այն հանգամանքը, որ վերջին օրերին Իրանում սկսվել են քրդերի զանգվածային ձերբակալություններ:

Միևնույն ժամանակ PKK-ի զինյալների մի մասը հեռանում է Սիրիայի հյուսիս-արևելք, ուր գործում է PKK-ի սիրիական փոխանորդը՝ Դեմոկրատական միություն կուսակցությունը (PYD): Այս կապակցությամբ Սինքայան նշել է. «Սիրիայում անխուսափելի է քրդական ինքնավար ներկայության ուժեղացումը: Այդ գործընթացը մեծ վտանգ է ներկայացնում սիրիական գործող վարչակարգի համար»:

Նախորդ շաբաթ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հաստատեց այն փաստը, որ PKK-ի զինյալները մի մասը հեռացել է Սիրիա: PKK-ի հետ հաշտվելու Էրդողանի սցենարը կարող է պայմանավորված լինել այնպիսի սցենարով, որը ներկայացրել է Financial Times թերթի խմբագիր Դևիդ Գարդեները:

Վերջինս պնդում է, որ Էրդողանի պլաններում առկա է «թուրքական ոլորտի» ստեղծում, որում Թուրքիայի, Իրաքի ու Սիրիայի քրդերը թուրքերի հետ համատեղ պետք է դիմակայեն Թեհրան-Բաղդադ-Դամասկոս «շիական առանցքին»: Նման պլանն անկասկածորեն արմատականորեն կառաջացնի ողջ Մերձավոր Արևելքում սահմանների փոփոխում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս