«Նժդեհականության» այլընտրանքը` բուրժուա-դեմոկրատական հեղափոխությո՞ւն, թե՞ հետսոցիալիստական նոր աշխարհակարգ…

ԼՂՀ նախկին արտգործնախարար, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ուրախալի է, որ Հայաստանի ներքաղաքական օրակարգ են ներմուծվում մեր հանրությանը համախմբելու միտում ունեցող փիլիսոփայական հենքի վրա խարսխված համակարգված գաղափարախոսական բանաձևումներ: Այս պահին անգամ էական չէ, թե դրանք որքանով են արդիական, կենսունակ ու կառուցողական: Էականն այն է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի գաղափարախոսներից ոմանք հստակորեն առաջնահերթությունը տալիս են ոչ թե իրենց սատարողների` հակառակորդների հանդեպ ունեցած քանակային, զուտ ֆիզիկական, ինչպես նաև բարոյական առավելությանը (որը որքանով որ ակնհայտ է, նույնչափ էլ գործնականում անօգուտ դուրս եկավ), այլ գաղափարա-փիլիսոփայական, աշխարհայացքային ընդհանրության հիման վրա մեր հասարակության համախմբոմանն ընդդեմ «նժդեհական» գործող վարչակազմի: Ինձ շատ հետաքրքիր կլիներ լսել պարոն Աշոտ Մանուչարյանի մտքերն իր պատկերացրած հետսոցիալիստական հասարակարգի էության, դրա ձևի և բովանդակության համապատասխանության ապահովման ուղիների վերաբերյալ` արդյոք խոսքը գնում է նեոկոմունիզմի մասին, թե սա դեռ նոր ասպարեզ իջած մի գաղափարախոսություն է, որի կիրառման առաջին փորձադաշտը պետք է Հայաստանը դառնա (որքան հասկանում եմ, այդ նոր հասարակարգի գործնական գոյության մասին տվյալներ դեռ չկան): Իշխանությունն այն առավելությունն ունի, որ բացի ազգայնական բնույթ ունեցող նժդեհական գաղափարախոսությունից իր կողմնակիցների կուռ շարքերը պահպանելու այլ ռեսուրսներ ևս ունի` խոսքն իշխանական լծակների և մեծ ֆինանսական հնարավորությունների մասին է: Կարելի է խոսել այն մասին, որ պարոն Տեր-Պետրոսյանի և իր թիմի հրաժարականը 1998 թվականին էապես խաթարեց ազգային վերնախավի ձևավորման ու կայացման առանց այդ էլ բարդ պայմաններում ընթացող գործընթացը` հանգեցնելով առաջին հերթին ֆինանսական ու նյութական միջոցների արմատական և այդ թիմի անդամների գերակշիռ մեծամասնության համար անդառնալի նյութական կորուստներով հղի վերաբաշխման: Այդ հրաժարականի քաղաքական արդյունավետության մասին չեմ ուզում այժմ խոսել` դա առանձին մի թեմա է, պարզապես հիմա` տասնհինգ տարի անց, մենք ունենք մի կառավարման համակարգ, որի որակը բացարձակապես չի բավարարում Հայաստանի քաղաքացիներին, և որը, սակայն, այսօր ավելի արդյունավետ է կարողանում կառավարել և վնասազերծել հանրային դժգոհությունները, քան ընդամենը հինգ տարի առաջ: Իշխանության կողմից քաղաքական գործընթացների հանդեպ ունեցած վերահսկողության արդյունավետությունը զգալի էր նախընտրական և հետընտրական այս ողջ ժամանակահատվածում, ու թեև եղան բացթողումներ և, անգամ, շատ անհեթեթ սայթաքումներ (դրանք, թերևս, պայմանավորված են եղել գործընթացի մասշտաբների և դրա վերահսկողության հետ կապված դժվարություններով ու համապատասխան որակավորում ունեցող կադրերի պակասով), կարելի է ասել, որ Հայաստանում ներքաղաքական գործընթացների կազմակերպման ու կառավարման տեսանկյունից նախաձեռնությունը հենց իշխանության ձեռքին է: Քաղաքական իրական ընդդիմության նկատմամբ իշխանական թիմի առավելությունը պայմանավորված է վերջինիս միանգամայն առարկայական շահերի պաշտպանության հրամայական անհրաժեշտությամբ, և այստեղ գաղափարախոսական վերացական մոտեցումները փոխարինված են շատ ազդեցիկ քաղտեխնոլոգիական աշխատանքով, որի սպասվելիք արդյունքներից մեկն էլ լինելու է տնտեսական սեփական բազան չունեցող ընդդիմության հետագա փոշիացումն ու ուժազրկումը: Հայաստանում ունևորներն արդեն իսկ իշխանամերձ են, իսկ ընչազուրկների կողմից բուրժուա-դեմոկրատական հեղափոխության իրականացման գաղափարը շատ հարցականներ է առաջացնում: Այս պայմաններում ընդդիմության պայքարն ընդդեմ իշխանության հիշեցնում է պարսատիկավորի կռիվ մանրէաբանական զենք ունեցող հակառակորդի դեմ, և խնդիրն անգամ զինատեսակների արդյունավետության ահռելի տարբերությունը չէ, այլ իրականության համակարգային ընկալման ու գնահատման անհամարժեքությունը…»։

Տեսանյութեր

Լրահոս