Տեր-Պետրոսյանը հավասարվեց Գագիկ Ծառուկյանին

Այսօր պաշտոնապես ազդարարվեց Հայաստանի համար երկու կարևորագույն կառույցների գործունեության դադարեցման փաստը: Ապրիլի 13-ին վերջնականապես պատմության գիրկն անցավ Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադիր կուսակցությունը՝ Հայոց Համազգային Շարժումը, ինչպես նաև՝ նորանկախ Հայաստանի ամենահզոր հանրային շարժումներից մեկը, որը կառուցվածքային առումով հանդես էր գալիս Հայ ազգային կոնգրես դաշինքի տեսքով: Երկուսի փակումն էլ արձանագրվեց այսօր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության համագումարում:

Թե՛ այս համագումարին, թե՛ դրա ընթացքում ՀԱԿԿ նախագահ դարձած Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին առաջիկայում կանդրադառնանք: Մինչ այդ, սակայն, հարկ է կատարել մի կարևոր արձանագրում, որ տեղի ունեցավ այսօրվա համագումարում: Իսկ դա այն էր, որ նորաստեղծ այդ կուսակցությունը ցույց տվեց, որ Հայաստանի ամենահակաժողովրդավարական, ամենատոտալիտար ուժն է, լավագույն դեպքում՝ այդպիսիներից մեկը: Սա ոչ թե սուբյեկտիվ գնահատական է, այլ համագումարում տեղի ունեցած փաստի արձանագրում:

Խոսքը ՀԱԿ կուսակցության ղեկավար մարմնի՝ վարչության ընտրության մասին է, որն «ընտրություն» կարելի է համարել շատ պայմանականորեն, այնպես, ինչպես խորհրդային դեպուտատների հռչակումը կուսժողովներում որակվում էր՝ որպես «ընտրություն»: Իրականում այսօր ՀԱԿԿ վարչությունը ևս ոչ թե ընտրվեց, այլ նշանակվեց: Համագումարի կազմկոմիտեի անդամներից մեկը հայտարարեց, որ 44 հոգուց բաղկացած վարչությունը կազմված է երկու մասից՝ 22 հոգուն ներկայացնում է նախկին ՀՀՇ-ն, մյուս 22-ին՝ ՀԱԿ կուսակցության նախաձեռնող խումբը: Ներկայացրեցին, ընթերցեցին նրանց անունները և երկու «փաթեթով» քվեարկեցին: Կուսակցության վարչության որևէ անդամ չներկայացվեց, որևէ անդամի թեկնածություն քվեարկության չդրվեց առանձին, կուսակցության պատվիրակներն ընդամենը վավերացրեցին ղեկավարության կազմած ցանկը: Իհարկե, ինչ-որ հիմնավորում ներկայացվեց առ այն, որ դա արվում է առաջին և միակ անգամ, այդպես է արվում, քանի որ վարչության անդամներից շատերը մյուսներին ծանոթ չեն, և այլն…

Բայց որևէ հիմնավորում չի կարող արդարացնել ժողովրդավարության հիմնարար ինստիտուտներից մեկի՝ ներկուսակցական ժողովրդավարության այդպիսի բացահայտ և կոպիտ ոտնահարումը: Այդ քայլով ՀԱԿԿ-ն ցույց տվեց, որ ոչնչով չի տարբերվում իշխանական ՀՀԿ-ից կամ իրենց սիրելի ԲՀԿ-ից: Առաջինում ցանկացած որոշում, այդ թվում՝ կուսակցության ղեկավար կազմի վերաբերյալ, կայացվում է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի աշխատասենյակում և վավերացվում ԳՄ նիստում կամ համագումարում, երկրորդում նույնկերպ որոշումներ կայացնում է «կուսակցության առաջնորդ» Գագիկ Ծառուկյանը: Թե՛ ՀՀԿ-ում, թե՛ ԲՀԿ-ում կուսակցության վարչությունները, խորհուրդները և տարբեր անվանումներով այլ ղեկավար մարմիններն ընդամենը բուտաֆորիաներ են՝ մեկ անձի վրա հիմնված կուսակցության «արտաքին տեսքն» ապահովելու համար: Նույնն այսօր արեց նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: Վերացնելով ՀՀՇ-ն, որտեղ անգամ մինչև վերջերս կարող էր որոշակի այլակարծություն լինել, նա ստեղծեց մի կառույց, որում ինքն անվերապահ, միանձնյա, հաստատուն, աներկբա, անբեկանելի առաջնորդն է: Ճիշտ այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ-ում, Գագիկ Ծառուկյանը՝ ԲՀԿ-ում:

Տեսանյութեր

Լրահոս