Բաժիններ՝

Ինչպե՞ս կազդի տնտեսության վրա կառավարության ձևավորման ձգձգումը

ՀՀ Կառավարությունն, ինչպես հայտնի է, ապրիլի 9-ին հրաժարական ներկայացրեց, և դրա անդամները` վարչապետի գլխավորությամբ, դարձան ժամանակավոր պաշտոնակատարներ։ Սա Սահմանադրությամբ նախատեսված և սպասելի, ինչ-որ տեղ` նաև ձևական միջոցառում էր։ Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակելու կառավարության հրաժարականի ընդունումից հետո` տասնօրյա ժամկետում` մինչև ապրիլի 19-ը: Իսկ կառավարությունը կազմավորվելու է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում: Այսինքն` կառավարության ձևավորման վերջնաժամկետը մայիսի 9-ն է։ Իսկ մայիսի 5-ին, ինչպես հայտնի է, տեղի են ունենալու Երևանի ավագանու ընտրությունները։

Այս իմաստով` խոսակցությունները, որ կառավարության ձևավորումը կարող է հետաձգվել ավագանու ընտրություններից հետո, միանգամայն իրատեսական են։ Առանց շտապելու, քննարկելով ու «գցել-բռնելով»` կառավարություն կձևավորեն` հաշվի առնելով նաև Երևանի ավագանու ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը։ Իսկ ի՞նչ է տեղի ունենալու մինչ այդ` կառավարության (դրա անդամների) և տնտեսության հետ։ Սկսենք առաջինից։ Վարչապետն ու նախարարները շարունակում են կատարել իրենց պարտականությունները` ինչպես նախկինում: Ավելացել է միայն ԺՊ հավելվածը, որը ժամանակավոր է։

Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը, ընդունելով կառավարության հրաժարականը, ասաց, որ անկախ բոլոր գնահատականներից, «դուք կառավարության նոր կազմի համար ստեղծել եք բարենպաստ պայմաններ»:
Սա ենթադրում է, որ արմատական փոփոխություններ չեն լինի, և ներկայիս կաբինետի անդամներից շատերը տեղ կգտնեն հաջորդի կազմում։ Ընդ որում, եթե դատողությունները հիմնված են կառավարության գործունեության գնահատականի վրա, ապա վարչապետի հետագա պաշտոնավարումը նույպես խիստ հավանական է թվում։

«Դուք ակնհայտորեն աշխատել եք ակնհայտորեն բարդ պայմաններում և լուծել եք շատ պայմաններում անհնարին թվացող խնդիրներ»,- ասել է Սերժ Սարգսյանը: Իսկ «անհնարին թվացող խնդիրներ» լուծող վարչապետին փոխելն ընկալելի չի դիտվի։

Կարդացեք նաև

Ավելին, Ս.Սարգսյանը պաշտոնավարման թեթևակի հույս է ներշնչել նաև այն պաշտոնյաներին, ովքեր ներքուստ համոզված են, որ լավ չեն աշխատել և իրենց ոլորտներում թողնում են բազմաթիվ խնդիրներ։ «Կասկածից վեր է, որ մեր քաղաքացիների մի հսկայական զանգված դժգոհ է մեր աշխատանքից, բայց, հարգելի գործընկերներ, ուզում եմ, որպեսզի դուք համոզված լինեք` մարդիկ դժգոհ են ոչ թե մարդկանցից, այլ եղած պրոբլեմներից»,- ասել է Ս. Սարգսյանը։
Ամեն դեպքում` կառավարության անդամների մոտ առկա է անորոշությունից ծնվող անհանգստությունը, որը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև բոլոր հարցերը պատասխան ստանան։ Իհարկե, մեր ազնվագույն պաշտոնյաներն անհանգստանում են ոչ թե իրենց աթոռների համար, այլ մտածում` բա ինչպե՞ս են ծառայելու ժողովրդին։

Իսկ ծառայելը նրանց համար ոչ թե պարզապես աշխատանք է, այլ կյանքի իմաստ… «Որովհետև ծառայել, ձեզ համար, մեզ բոլորիս համար նշանակում է` ապրել»,- կառավարության անդամներին նման հաճոյախոսություն է արել Ս Սարգսյանը (հետաքրքիր կլիներ իմանալ, թե այդ պահին ինչ էին մտածում նախարարները` պարզելով, որ իրենք ոչ թե վայելում են, այլ ծառայում)։

Ինչպե՞ս կազդի կառավարության ձևավորման ձգձգումը պետական համակարգի աշխատանքի վրա։ Շատերը կարող են կարծել, որ վերը նշված անորոշությունը բացասաբար կանդրադառնա պետական ծառայողների շահագրգռվածության և աշխատանքի արդյունավետության վրա։ Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն վարչապետին և նախարարներին, այլև` փոխնախարարներին, վարչությունների ու բաժինների պետերին, նրանց տեղակալներին ու շարքային աշխատակիցներին։

Այսինքն` բոլորը սպասման մեջ են, և վստահ չեն, որ մայիսի 10-ից հետո իրենց չեն «խնդրի» ազատման դիմում գրել։ Իսկ նման պայմաններում, ինչպես հայտնի է, մարդիկ առանձնապես հակված չեն կաշվից դուրս գալով աշխատել։
Իսկ ինչպե՞ս է այս ամենն ազդելու տնտեսության վրա։ Ամենաուշագրավը հենց այս հարցն է։ Թվում է` պետական համակարգում տիրող անորոշությունը և այդ համակարգի աշխատանքի թույլ «պարալիզացումը» բացասաբար պետք է ազդի տնտեսության վրա։ Սակայն Հայաստանում վերը նշվածը տնտեսության վրա դժվար թե որևէ բացասական ազդեցություն ունենա։ Հակառակը` կարող է անգամ դրական դեր խաղալ, քանի որ պետական չինովնիկները գոնե մի որոշ ժամանակ հանգիստ կթողնեն գործարար հատվածին։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա ընդհանրապես ՀՀ կառավարության գործունեությունը, չնայած երկրի ղեկավարի և միջազգային կառույցների գնահատականներին, շատ քիչ է առնչվում իրական տնտեսության հետ։ Ինչպես բազմիցս նշել ենք, տարբեր զեկույցներում լավ ցուցանիշներ արձանագրելուն զուգահեռ` խնդիրները միայն ավելացել են. ներդրումները նվազել են, արտագաղթի տեմպերն` աճել, աղքատությունը և եկամուտների անհավասարությունը` խորացել, և այլն։

Գործարար հատվածը պետության հետ հարաբերությունը պատկերացնում է բացառապես հարկահավաքման շրջանակներում։ Կառավարությանը քչերն են պատկերացնում գործընկերոջ կամ աջակցի դերում, իսկ խանգարող համարողներն անհամեմատ շատ են։ Անգամ դրական նախաձեռնություններին մարդիկ վերաբերվում են կասկածանքով (օրինակ` տաքսիների դեղին համարանիշերի պատմությունը)։
Այսինքն` տիրում է տոտալ անվստահության մթնոլորտ, ինչն, անկասկած, խորացել է նախագահական ընտրություններից հետո և առավել խորանալու է Երևանի ավագանու ընտրություններից հետո։ Իսկ նման պայմաններում, ինչպես արդեն նշեցինք, գործարար դաշտը կառավարությունից սպասելիքներ չունի, և դրա ձևավորումը մեծ հաշվով քչերին է հետաքրքիր։ Առավել ևս, որ փոխվելու են ընդամենը անձինք (այն էլ` ոչ բոլորը), իսկ համակարգը մնում է նույնը։ Նույնն են մնում նաև պրոբեմները։

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս