Հմայակ Հովհաննիսյանը՝ Արկադի Վարդանյանի մասին. Մարդկային այդ տեսակն իսկապես նողկալի է

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով ապրիլի 9-ին տեղի ունեցած միջադեպերին, գրել է.

«Այն, ինչ կատարվեց ապրիլի 9-ին, ինձ համար միանգամայն կանխատեսելի էր: Ավաղ, իմ նախազգուշացումները, որոնք ես ներկայացրել եմ բազմաթիվ հրապարակումներում, Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա մերձավորների կողմից անտեսվեցին: Դրանում համոզվելու համար առաջարկում եմ ուշադիր կարդալ facebook–յան էջում տեղադրված ելույթներս:

Բացի դրանից հատուկ հանդիպել եմ «Ժառանգության» ղեկավարներին՝ նախազգուշացնելով, որ Սերժ Սարգսյանի վարչախմբի դեմ քաղաքացիական անհնազանդության շարժում ծավալելու և առաջիկայում կայանալիք քաղաքապետի ընտրություններին մասնակցելու նպատակները անահամատեղելի են:

Քաղաքագիտական իմաստով անհեթեթություն է զուգակցել վարչախմբի օրինականության վիճարկումը, քաղաքացիներին անհնազանդության ճանապարհով ուղղորդումը՝ այդ նույն վարչախմբի կողմից կազմակերպված ընտրություններին մասնակցության հետ: Դրանք անհամատեղելի, հակասական նպատակներ են, որոնց միջև անխուսափելի կոնֆլիկտը իշխանություններին հնարավորություն է տալու վերջնականպես հեղինակազրկել Րաֆֆուն:

Իսկ որ Սերժ Սարգսյանը քաղաքական գործիչներին «փչացնելու» հարցում ունի գրոսմայստերական հմտություններ, անվիճելի փաստ է: Ուրեմն պետք էր ի սկզբանե «անջատել ճանճերին կոտլետից», ինչը ենթադրում էր «Ժառանգության» անդամների կենտրոնացումը քաղաքացիական անհնազանդության շարժման կազմակերպման և ուղղորդման խնդիրների վրա:

Ես բարձր եմ գնահատում Արմեն Մարտիրոսյանին, նրա խիզախությունն ու սկզբունքայնությունը: Հենց այդ պատճառով կգերադասեի տեսնել նրան Րաֆֆիի կողքին, քաղաքացիական անհնազանդության կարևորագույն կազմակերպիչներից մեկի, այլ ոչ թե ընտրացուցակի առաջին համարի դերում:

Ստեղծված պայմաններում ընտրացուցակի առաջնորդի դերը նրա համար ոչ այլ ինչ է, քան իշխանությունների կողմից լարած որոգայթ: Քիթ ջարդելը պատահականություն չէր, այլ խորհրդանշական արարք, որին հետևեցին Ահարոն Ադիբեկյանի և մեկ այլ պալատական «քաղաքագետի»՝ Ալեկսանդր Մակարովի «կռկռոցները». Րաֆֆու ընտրացուցակը քաղաքապետի ընտրություններին վեց տոկոսից ավել չի ստանա…

Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը հատուկ՝ իշխանությունների հետ համաձայնեցված քվոտայով մասնակցած ԲՀԿ-ի ձեռքերով առաջիկայում կայանալիք ընտրություններին իշխանությունները մտադիր են «Ժառանգության» համար նախատեսված «չորս տախտակների» վերջին մեխը խփել:

Չարության ու վրեժխնդրության պարանոյայից տառապող Սերժ Սարգսյանին այս անգամ այդ «խփելը» հաջողվելու է, քանզի Րաֆֆին և նրա մերձավորներն ամեն ինչ արեցին Սերժի սցենարում տեղավորվելու համար:

Այդուհանդերձ, ես խստիվ դատապարտում եմ այն ստահակներին, ովքեր նախագահական ընտրություններից հետո Րաֆֆուն քսմսվելու, նրա կողքին երևալու, նրա հանրահավաքներին հարթակից ճամարտակելու առիթները բաց չեն թողել, իսկ այսօր նույն էնտուզիազմով Րաֆֆուն պախարակում են, կուրծք են ծեծում, իբր, ամաչում են, որ կանգնել են նրա կողքին: Մարդկային այդ տեսակն իսկապես նողկալի է:

Աչքերիս առջև են գետնին ընկած Րաֆֆու, արյունոտված դեմքով Արմենի՝ կայքերում տեղադրված լուսանկարները… Խիղճս հրամայում է՝ ընկածին պետք է օգնել, ծեծվածին, խոցվածին պետք է սատարել: Ուրեմն՝ գնալու եմ, մասնակցելու եմ այսօրվա հանրահավաքին, գնալու եմ ի հեճուկս այն բորենիներին, ովքեր քծնում են ուժեղին և առիթը բաց չեն թողնում ոտնակոխ անել ընկածին…»:

Տեսանյութեր

Լրահոս