Ռասմուսենը Սեուլից Փհենյանին կոչ է արել վերջ դնել սպառնալիքներին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսօր ժամանել է Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլ: Այստեղ նա ԿԺԴՀ-ի իշխանություններին կոչ է արել վերջ տալ սպառնալից հայտարարություններին ու գործողություններին:
Ռասմուսենը Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակը Սեուլում քննարկել է Հարավային Կորեայի արտգործնախարար Յուն Բեն Սենի հետ: Վերջինս հայտարարել է, որ Փհենյանը պատրաստ է յուրաքանչյուր րոպե արձակել «Մուսուդան» տիպի բալիստիկ հրթիռ, որի հեռահարությունը կազմում է 3000-4000 կիլոմետր:
Ռասմուսենը վստահություն է հայտնել, որ հետագայում նույնպես կամրագրվի ՆԱՏՕ-ի ու Հարավային Կորեայի միջև համագործակցությունը՝ ճգնաժամի կարգավորման համար: Նշվում է, որ սա Ռասմուսենի առաջին այցն է Հարավային Կորեա: