
«Պետք չէ խոսել անլուրջ բաներից». Նաիրա Զոհրաբյան

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնել է Մոսկվա: «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ դա մասնավոր այց է, և ինքը տեղեկացված չէ՝ այցն ի՞նչ նպատակներ է հետապնդում, ո՞ւմ հետ է հանդիպելու Րաֆֆին Մոսկվայում: Փոստանջյանը նաև չէր բացառել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվայում կարող է հանդիպել ոչ միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, այլ անգամ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Հիշեցնենք, որ Մոսկվա մեկնելու մասին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր ապրիլի 9-ի հանրահավաքում: Լիրիկական ոճով նա հայտարարել էր, որ եթե ժողովուրդը ցանկանա, պատրաստ է հենց վաղը մեկնել Մոսկվա, հանդիպել Պուտինի հետ ու բերել «ժողովրդի հաղթանակը»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից 168.am-ը հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի այցը: «Չեմ կարող ասել: Ես ենթադրություններ չեմ կարող անել, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ինչի՞ համար է մեկնել՝ աշխատանքայի՞ն այց է, քաղաքական հրավե՞ր է, թե՞ անձնական մոտիվացիաներով է:
Երբ հստակ կլինի, թե ինչի՞ համար է մեկնել, որը, բնականաբար, անձնական կամ մասնավոր մեկնաբանման ենթակա չէ, այդ ժամանակ կմեկնաբանենք»,- ասաց Ն. Զոհրաբյանը: Իսկ դիտարկմանը, թե միգուցե իսկապես նա գնացել է ՌԴ նախագահ Պուտինից հայ ժողովրդի հաղթանակը բերելու, ԲՀԿ պատգամավորը պատասխանեց. «Դե պետք էլ չէ խոսել անլուրջ բաներից»: