«Եկեք ընտրենք լավագույն «դամախազյայկայի», միգուցե ավելի լա՞վ ավլի»

«Ըստ էության, մենք համարում ենք, որ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու գործընթացը շարունակվում է»,- այսօր Կոնգրես հյուրանոցում Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի և Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների շուրջ հրավիրված բանավեճին ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ և «Բարև, Երևան» ցուցակի ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը:

Վերջինս «Ժառագության» և մի քանի այլ կուսակցությունների կազմած «Բարև, Երևան» դաշինքը դիտեց որպես նախագահական ընտրություններից հետո սկսված «Բարևի» հեղափոխության կետերից կամ «վտակներից» մեկը և մայրաքաղաքում ծավալվող շարժում, որի նպատակը, իր խոսքերով, լինելու է «Բարևի» հեղափոխության հիմնական առաքելությունն իրականացնելը` վերադարձնել իշխանությունը ժողովրդին:

Ըստ Ս.Սաֆարյանի` «Բարև, Երևանի» նպատակը Երևանում պուրակների ոչնչացումը, կրպակների ապամոնտաժումը, կամ, ինչպես ինքն արտահայտվեց, մարդկանց հարստահարումը և «Երևանի կենտրոնում բարբարոսաբար տներից դուրս շպրտելը» թույլ չտալն է:

«Ժառանգության» վարչության քարտուղարն անդրադարձավ նաև վիճարկվող այն հարցին, թե արդյոք Երևանի  ընտրությունները քաղաքակա՞ն են, թե՞ ոչ:

Կարդացեք նաև

«Շատ հարգարժան մի քանի կուսակցություններ` ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր, ասում են` Երևանի ընտրությունները քաղաքական են: Ես խորապես համաձայն եմ: Ես ուզում եմ հարց տալ` այդ դեպքում ի՞նչ, նախագահի ընտրություններն ապաքաղաքակա՞ն էին, որ մասնակցություն չեղավ»,- ասաց Սաֆարյանը:

Ս.Սաֆարյանը նշեց, որ Երևան քաղաքի ընտրությունները քաղաքական են ոչ թե այն պատճառով, որ «քաղաք» արմատը կա քաղաքականություն բառի մեջ, չնայած որ «քաղաքականություն» կամ «քաղաքագիտություն» բառերն առաջացել են հունարեն «պոլիս» հասկացություններից:

«Եվ բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե սա ուղղակի, այսպես ասած, մենեջերի ընտրություններ են, ներեցեք, այդ մարդիկ պարզապես ֆիրմաները, կազմակերպությունները շփոթում են Երևանի քաղաքի հետ»,- կարծիք հայտնեց նա,-«Ֆիրմաներն են ունենում մենեջերներ: Երևան քաղաքը պիտի ունենա պետական կառավարումից, տեղական ինքնակառավարումից հրաշալի հասկացող ավագանու անդամներ և քաղաքապետ: Երևան քաղաքում իրացվում է համայնքային սեփականության արդյունավետ կառավարում, բազմապատկվում է այդ համայնքային սեփականությունը, կրկնապատկվում է քաղաքականության արդյունքում, ինչն ինքնին ասում է, որ Երևան քաղաքում պիտի իրականացվի քաղաքի զարգացմանը, երևանցու ռեսուրսների բազմապատկմանն ուղղված քաղաքականություն: Հետևաբար` որևէ քննադատությանը չի դիմանում այն հակաքաղաքագիտական միտքը, թե Երևանի քաղաքապետը մենեջեր է: Այդ նույն տրամաբանությամբ պիտի ասեմ` եկեք ընտրենք լավագույն «դամախազյայկայի»` Երևանի քաղաքի համար, միգուցե ավելի լա՞վ ավլի, ավելի լավ մաքրի փողոցները»:

Ստեփան Սաֆարյանը նշեց, որ «Բարև, Երևանը» խոստանում է այնպիսի քաղաք, որը Թամանյանի երազանքն էր` քաղաք-այգի, որտեղ կար քաղաքի մշակույթ:

«Երևան քաղաքը չպիտի հարմարեցվի միայն և միայն զբոսաշրջիկներին, միայն և միայն  քաղքենի իշխանավորներին: Երևան քաղաքն առաջին հերթին հաճելի և հարմարավետ պիտի լինի երևանցու համար: Դա տրանսպորտն է, որն այսօրվա դրությամբ ուղղակի 19-րդ դարի մոտեցում է, և դա ոչ միայն չպատկերացնելու հետևանք է, այլ նաև արդյունքն է նրա, որ մի քանի տասյնակ ավտոբուսների շղարշի տակ` քաղաքապետից սկսած, վերջացրաց ՀՀԿ-ից ամենատարբեր չինովնիկներով, գծատերեր են»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:

Տեսանյութեր

Լրահոս