Ֆրանսիայի ամենահարուստ մարդը հրաժարվել է Բելգիայի քաղաքացիություն ստանալու փորձից
Ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցի ժամանակ Ֆրանսիայի ամենահարուստ մարդ Բեռնար Առնոն հայտարարել է, որ փոխել է իր որոշումը և չի դառնա Բելգիայի քաղաքացի: Առնոն այդպիսի ցանկություն հայտնել էր նախորդ տարի և համապատասխան կարգավիճակ ստանալու համար դիմել էր Բելգիայի վարչական մարմիններին:
Այժմ նա փոշմանել է և հետ է վերցրել իր դիմումը. «Ես թերագնահատեցի այդ քայլի հետևանքները: Ես մի քանի անգամ բացատրեցի, որ շարունակելու եմ ապրել Ֆրանսիայում և շարունակելու եմ այստեղ վճարել իմ հարկերը: Սակայն ամեն ինչ զուր էր, դա չլսվեց: Այժմ ես որոշել եմ ցրել բոլոր կասկածները, ես հետ եմ վերցնում Բելգիայի քաղաքացիություն ստանալու իմ դիմումը»:
Բեռնար Առնոյին է պատկանում աշխարհում պերճանքի իրեր արտադրող աշխարհի խոշորագույն LVMH (LVMH Moët Hennessy — Louis Vuitton) ընկերությունը: Forbes պարբերականը նրա ունեցվածքը գնահատել է 41 միլիարդ դոլար:
Առնոն Բելգիայի քաղաքացիություն ստանալու հարցով դիմում էր ներկայացրել նախորդ տարվա սեպտեմբերին, ինչը մեծ արձագանք էր ունեցել ֆրանսիական հասարակությունում, որը նրան մեղադրել էր բարձրացված հարկերից խուսափելու մեջ: Սակայն Առնոն ընդգծել էր, որ ցանկանում է բելգիական անձնագիր ստանալ այլ դրդապատճառներով:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի վերջին ֆրանսիական Le Figaro թերթը գրել էր, որ Ֆրանսիան ռեպրեսիվ հարկային ռեժիմի պատճառով կորցրել է 1 միլիոն աշխատատեղ՝ կապված մեկ միլիոն եվրոյից (850.000 ֆունտ-սթեռլինգ) ավելի եկամուտ ունեցող քաղաքացիների վրա 75 տոկոսանոց «սոցիալիստական» հարկ սահմանելու հետ:
Այդ հարկային ռեժիմի պատճառով Ֆրանսիայի սահմաններից դուրս բնակություն է հաստատել 60.000 ֆրանսիացի գործարար, որոնցից յուրաքանչյուրն աշխատանքով ապահովում էր միջին հաշվարկով 16 մարդու: