Նիկոլ Փաշինյան. Պայքարի լիդերը հենց ժողովուրդն է
Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություներին՝ ասաց, որ ինքը երեկ տեսել է պայքարող ՀՀ քաղաքացիներին, իսկ ամբոխը ՀՀ իշխանություններն են, որոնք չեն կառավարվում ՀՀ օրենքներով:
Հետևաբար, ըստ նրա, ժողովուրդը պետք է միջոցներ ձեռնարկի այդ անկառավարելի զանգվածին կառավարելի դարձնելու համար:
«Ես իրադարձությունների սկզբից մինչև վերջ եղել եմ իրադարձությունների թատերաբեմում, որևէ անկառավարելի բան տեղի չի ունեցել, որևէ ապատասխանատվության դրսևորում ես չեմ տեսել, մարդիկ կանգնած էին, և ես եղել եմ մարդկանց հետ»,- ասաց Ն. Փաշինյանը:
Հարցին, թե ուրբաթ օրը Ազատության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքին մասնակցելո՞ւ եք՝ պատգամավորը պատասխանեց. «Ես ընդհանրապես, երբ որ հանրահավաքը նվիրված է Հայաստանում ապօրինի իշխանությունը տապալելուն և օրինական իշխանություն ձևավորելուն, ես սովորաբար մասնակցում եմ»:
Ն. Փաշինյանի խոսքով՝ քաղաքականությունն ընդհանրապես պետք է առավելագույնը զերծ լինի կուլիսային խոսակցություններից և որ բոլոր խոսակցությունները պետք է լինեն հրապարակային:
Հարցին, թե երեկ հրապարակում կա՞ր գործողությունների բացակայություն, Ն. Փաշինյանը պատասխանեց. «Ես Ձեզ ասացի, թե ինչի համար էի ես եկել Ազատության հրապարակ, ընդ որում՝ ես, ինչպես խոստացել էի, Ազատության հրապարակում եղել եմ ընտանիքիս հետ՝ երեք երեխաներիս հետ: Ընդ որում՝ մինչև կեսգիշեր միայն վեց տարեկան երեխան էր տուն գնացել, իսկ մենք միասին ենք եղել դեպքերի վայրում: Ես ամսի 5-ի իմ ելույթում ասել էի, որ դա ոչ այնքան քաղաքական, որքան ընտանեկան որոշում էր»:
Իսկ հարցին, թե իր համար տարօրինա՞կ չէր երեկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի համատեղ աղոթքը, այցը Ծիծեռնակաբերդ, Ն. Փաշինյանը պատասխանեց. «Ինձ համար ընդհանրապես տաօրինակ է Վլադիմիր Գասպարյանի ներկայությունը Հայաստանի կառավարման համակարգում»:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ի՞նչ հանգուցալուծում է տեսնում ստեղծված իրավիճակից, ՀԱԿ պատգամավորն ասաց. «Ի վերջո, ի՞նչ է փոխվել Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 9-ից առաջ և հետո՝ չի փոխվել ոչ մի բան, կան քաղաքացիներ, ովքեր ստիպված են ամենապրիմիտիվ ձևով պայքարել և հաջողության չհասնել և կա ապօրինի իշխանություն, նկատի ունեմ՝ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, էդպես էր 2003թ., էդպես էր 2008թ., էդպես է 2013թ., և մեր քաղաքական գործիչների գործունեության նպատակը պետք է փոխի իրավիճակը: Ընդ որում՝ այդ իրավիճակը փոխելու համար կա մի սկզբունք. պետք է պաշտպանության տակ առնվեն ոչ թե կուսակցական շահերը, այլ Հայաստանի Հանրապետության սահմանադրության առաջին և երկրորդ հոդվածները, որոնց միջոցով ասվում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին»:
Պատգամավորի խոսքով՝ նախագահական վերջին ընտրությունների մեծ արդյունքն այն է, որ ՀՀ քաղաքացիները ցույց տվեցին, որ իրենք, իսկապես, լուսավոր, ազատության քաղաքացիներ են:
«Թույլ տվեք ասել, որ իրականում քաղաքական պրոցեսների լիդերը ոչ թե առանձին վերցրած մարդիկ են, քաղաքացիներ են (պարզ է, քաղաքական գործիչներ էլ կլինեն, կգան-կգնան, մեկը մյուսին կփոխարինեն), այլ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի իշխանության համար մղվող պայքարի լիդերը հենց ժողովուրդն է:
Երեկ մենք բացառիկ իրադարձություն տեսանք Ազատության հրապարակում, այդպիսի իրադարձություն նախկինում չի եղել, երբ որ Ազատության հրապարակում հավաքված մարդիկ ինչ-որ առումով իրենց կամքը պարտադրեցին հարթակին՝ ինչքանո՞վ էր պատրաստված հարթակը նման զարգացման, դա ուրիշ թեմա է»,- ասաց Ն. Փաշինյանը: