Ի՞նչ կաներ Ռուբեն Հախվերդյանը, եթե նախագահ լիներ
Երևանի քաղաքապետը պետք է լինի ոչ թե լավ կամ վատ տղա, այլ հասկանա քաղաքային տնտեսությունից և քաղաքաշինությունից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը:
«Էս գեղացիներից ով առաջինը ոտը դուրս է դրել Հայաստանից դուրս, էդ երկրի շենքերը բերել-մտցրել է այստեղ, ու ստացվել է գարշելի քաղաք»,- ասաց Ռուբեն Հախվերդյանը:
Նա քննադատեց Հանրապետության հրապարակի հարակից և Հյուսիսային պողոտայի շենքերը՝ դրանք անվանելով անճաշակ: Նրա խոսքով, հայերը համաշխարհային մշակույթին տվել են հանճարեղ եկեղեցիներ, բայց դրանից հետո այդքան այլանդակ բաներ են սարքել: Ռուբեն Հախվերդյանը համոզված է, որ քաղաքի տեսքն այնքան է աղճատվել, որ ահռելի աշխատանք է պետք կատարել այսօր: Որքանո՞վ է կարողացել ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը կատարել այդ խնդիրը, Ռուբեն Հախվերդյանը դժվարացավ պատաասխանել, քանի որ նրանից «քննություն» չի վերցրել, բայց նաև չի կարող չհիշատակել նրա աշխատանքը Ավանում:
Ռուբեն Հախվերդյանը որպես դրական քայլ մատնանշեց նաև այն փաստը, որ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ Զանգվի ձորում սպորտային սարքավորումներ են տեղադրվել, որից օգտվում է նաև ինքը:
Ռուբեն Հախվերդյանն, այնուամենայիվ, վստահ չէ՝ Տարոն Մարգրայանը հասկանո՞ւմ է քաղաքային տնտեսությունից, թե՞ ոչ: Օրինակ, իրեն շշուկներ են հասել, որ Հյուսիսային պողոտայում ջրահեռացման համակարգի հետ կապված խնդիրներ կան: «Բա եթե հանկարծ բոլորը միաժամանակ մտնեն զուգարան և քաշեն ջուրը, բարակ խողովակի միջով ո՞նց են անցնելու մարդկային արժեքները»,- մտահոգվեց երգահանը:
Ռուբեն Հախվերդյանին Հյուսիսային պողոտայում և առհասարակ Կենտրոնում կատարվող շինարարությունը մտահոգում է նաև ֆինանսական տեսանկյունից:
«Եթե ես լինեմ պրեզիդենտ՝ կստուգեմ, թե այդ ի՞նչ փողեր են լվացվել այդ շինարարությունների ժամանակ: Կբռնեմ 15 կվարտալը լրիվ կքանդեմ, էդ բնակիչներին կբռնեմ, կլցնեմ Կենտրոն և դատի կտամ այն կառավարիչներին, ովքեր լափել են երկրի ընդերքը»,- հայտարարեց երգահանը: