
Դոզան էր պակաս. մամուլ

«Երեկ Նոր Հայաստանի երդմնակալության արարողությունից և երեկոյան հանրահավաքից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն առաջնորդեց ժողովրդին՝ մեկ դեպի Պռոշյան փողոցում գտնվող նախագահական ամառանոց, մեկ՝ դեպի Բաղրամյան 26: Իսկ այդ ընթացքում Երևանի փողոցներում ու բակերում բազմապատկվում էր ոստիկանների, մասնավորապես՝ հատուկջոկատայինների, ոստիկանության ներքին զորքերի ներկայացուցիչների թիվը: Տասնյակ ավտոբուսներով էին նրանց տեղափոխում: Դիմակներով, մահակներով ու վահաններով զինված ոստիկաններին տեղափոխելու համար օգտագործվում էին նաև մայրաքաղաքի երթուղիներում սպասարկող տասնյակ ավտոբուսներ, մասնավորապես՝ 5 և 51 համարների երթուղիներից, տաքսի ծառայությունների պատկանող գազելներ»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Սա այն դեպքում, երբ ոստիկանությունը հսկայական ծախսեր է կատարում ներքին սպասարկման տրանսպորտի ոլորտում: Բայց ինչպես երևում է, ժողովրդին ճզմելու նպատակով օր օրի ավելանում է ոստիկանների թիվը, որոնց մեծ մասը, ինչպես երեկ մեզ հետ զրույցում նշեց բարձրաստիճան ոստիկաններից մեկը, վեցերորդ դասարանի կրթություն ունի:
Ի դեպ, երեկ Դեմիիճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում սպաներից մեկը հարցրեց, թե ինչպես է իր ստորադասների տրամադրությունը: «Լրիվ ձեր տրամադրության տակ ենք: Մենակ դոզան ա պակաս»,- պատասխանեց շարքում կանգնած ոստիկաններից մեկը»: