Հրդեհը «Սևան ազգային պարկի» շրջակա միջավայրին վնաս չի հասցրել
«Սևան ազգային պարկի» տարածքում բռնկված հրդեհը շրջակա միջավայրին վնաս չի հասցրել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ազգային պարկի Վարդենիսի մասնաճյուղի տնօրեն Մխիթար Հարությունյանը: Հիշեցնենք, որ երեկ հրդեհ էր բռնկվել Սևան ազգային պարկին պատկանող տարածքում:
«Ուրեմն ասեմ, որ շրջակա միջավայրին, անտառին վնաս չի հասցվել, ընդամենը այրվել է խոտածածկ տարածք: Միայն ղամիշ է վառվել»,- ասաց Մխիթար Հարությունյանը: Վերջինս նշեց, որ դեռևս չեն պարզել հրդեհի պատճառները. «Ճիշտն ասած չենք պարզել, դե ուշ ժամ է եղել, գիշերվա ժամ է եղել` 7:30-8:00: Այդ տարածքը համայնքի հողին կպած է, բայց չեմ կարող ասել` կոնկրետ պատճառը»: Հարցին` որքան տարածք է այրվել հրդեհի արդյունքում, Մխիթար Հարությունյանը պատասխանեց. «Շատ-շատ 800 քմ»: Ազգային պարկի աշխատակիցն ասաց նաև, որ տարածքում վերականգնման աշխատանքների կարիք չկա:
«Տեղեկացնեմ ձեզ, որ այդ տարածքը, որտեղ հրդեհ է բռնկվել, կպած է հենց համայնքի հողին: Համայնքի ժողովուրդն էլ են աշխատում այդտեղ: 1 մ էլ չկա հեռավորությունը: Խնդիրն ընդամենը այդտեղ է, որ ժողովուրդը իրենց հողերի վրա աշխատում են: Կարող է նույնիսկ ծխախոտից էլ հրդեհ բռնկվել, որովհետև այդ ղամիշները շատ շուտվանից չորացել են դաշտի մեջ: Դրա համար էլ այդպես բռնկվել էր»,- ասաց Մխիթար Հարությունյանը: