Թուրքիայում պահանջում են երկրից վտարել թուրք լրագրողներին «հայեր» և «գարշելիներ» անվանած ադրբեջանցի դիվանագետին
Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում սկանդալ է առաջացել Radikal թերթի ու Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան միջև: Այս մասին հայտնել են թուրքական ԶԼՄ-ները: Սկանդալի պատճառ է հանդիսացել այն, որ Radikal թերթն Անկարայում կազմակերպել է երաժշտական փառատոն, որում «Սարը գելին» երգը ներկայացրել է որպես հայկական:
Անկարայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակից Էլսեվյար Սալմանովն իր վրդովմունքն է հայտնել այդ կապակցությամբ և թերթի աշխատակիցներին անվանել է «հայեր» և «գարշելիներ»: Դրա հետ կապված՝ Radikal-ի հրապարակախոս Դենիզ Զեյրեքն իր հոդվածում Սալմանովին մեղադրել է դիվանագիտական էթիկան խախտելու և ազգային ատելություն հրահրելու մեջ:
Իր հոդվածում Զեյրեքն ընդգծում է, որ արդեն իսկ դիմել է Թուրքիայի ԱԳՆ-ին ու Անկարայում Ադրբեջանի դեսպանին: Հրապարակախոսի խոսքերով՝ եթե նման բան տեղի ունենար եվրոպական ցանկացած երկրում, ապա տվյալ դիվանագետին անմիջապես կհայտարարեին persona non grata (անցանկալի անձ): Հրապարակախոսը Թուրքիայի ԱԳՆ-ից պահանջում է գնահատական տալ ադրբեջանցի դիվանագետի գործողություններին և նրան վտարել երկրից:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը և Թուրքիան ժխտում են «Սարը գելին» երգի («Դեղին հարս» կամ «Նորահարս» և անգամ «Սարի Հարս») հայկական ծագումը և շեշտում են դրա ադրբեջանական կամ թուրքական ծագում ունենալը: Սակայն հակական կողմը պնդում է, որ երգը թուրքերի կողմից գողացվել ու թրքացվել է:
Ի դեպ, 2009 թվականին Թուրքիայի կրթության նախարարության հրահանգով թուրքական դպրոցներում ցուցադրվեց «Սարը գելին-Հայկական հարցի ներքին երեսը» խորագրով հակահայկական և Հայոց ցեղասպանությունը ժխտող ֆիլմը: Սակայն դա առաջացրեց աշակերտների ծնողների բողոքը, քանի որ ֆիլմում կային այնպիսի դրվագներ (դիակների, կտրված գլուխների տեսարաններ), որոնք բացասական ազդեցություն էին թողնում դպրոցականների հոգեկան աշխարհի վրա:
Բացի այդ, ֆիլմում առկա էր «Հայաստանի դպրոցներում նկարահանված» երդման արարողության մի կեղծ տեսարան, որի ընթացքում հայ աշակերտները, իբրև թե, երդվում են վրեժխնդիր լինել թուրքերից։