«Դիակ հաստատ լինելու է, և ես հույս ունեմ, որ թաղումը նույնպես կկայանա». Աշոտ Մանուչարյան

«Միանգամից բոլորին ուրախացնեմ, որ այն մռայլ տրամադրությունները, որոնք կապված էին այն հարցի հետ` արդյոք դիակ լինելո՞ւ է, թե՞ ոչ, դիակ հաստատ լինելու է, և ես հույս ունեմ, որ թաղումը նույնպես կկայանա, որովհետև այդ դիակը շատ վտանգավոր է երկար թողնել առանց թաղման»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` խոսելով վաղը` ապրիլի 9-ին, սպասվող հնարավոր իրադարձությունների մասին:

Իսկ «դիակ» բառի տակ Մանուչարյանը նկատի ուներ գործող կառավարման համակարգը:

«Դիակ ասելով` ես մարդկանց ի նկատի չունեմ, ոչ մեկին` գործող անձանցից: «Դիակ» ասելով` ես ի նկատի ունեմ ներկայացուցչական ժողովրդավարության խրտվիլակը, որը վաղուց արդեն խրտվիլակ է, ուղղակի ես հույս ունեմ, որ վաղվանից նա կլինի դիակ և թաղման կենթարկվի մեր հանրապետությունում, որովհետև չկա ներկայացուցչական ժողովրդավարություն, կա կա´մ ժողովրդավարություն, կա´մ ներկայացուցչություն»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:

Ինչպես նա նշեց, այդ համակարգին վերջ տալու ուղղությամբ արդեն շատ քայլեր կատարվել են, սակայն անհրաժեշտ է վերջնականապես այդ անցումը կատարել և «ներկայացուցչական ժողովրդավարությունը» թողնել այն երկրներին, որոնք առայժմ գտնվում են այդ մոլորությունների շրջանում:

Կարդացեք նաև

«Կարծում եմ` այս վերջին մի քանի ամիսների գործընթացներից հետո որևէ մեկի մոտ կասկած չի մնացել, որ մեր ժողովուրդը կրկին ապստամբ է ներկայիս կյանքի դեմ և ցանկանում է հաստատել մեկ ուրիշ կյանք, բայց ինչպիսի՞ կյանք հաստատել, և ո՞րն է դեպի այդ կյանքը տանող ուղին, էապես կախված է մեկ հանգամանքից, մի գործիք է շատ կարևոր: Այդ գործիքը կոչվում է կառավարման համակարգ: Եվ այսպես, ես կարծում եմ, որ վաղը մենք հրաժեշտ ենք գալու գործող կառավարման համակարգին և սկսելու ենք կառուցել նորը»,- նշեց Աշոտ Մանուչարյանը:

Իսկ այն մասին, թե ինչպիսի՞ն պետք է լինի այդ նոր համակարգը, Մանուչարյանն ասաց. «նպատակահարմար եմ գտնում  որպես առաջին քայլ նոր կառավարման` իրական ժողովրդավարության համակարգի կյանքի կոչել այն մեր կողմից արդեն մոռացված ժողովրդավարության ինստիտուտը, որ հաստատել էինք 25 տարի առաջ, և հրավիրել Հայաստանի քաղաքացիների ժողով, և առաջարկել եմ նաև այդ ժողովի օրակարգը, չնայած այն հնարավոր է ընդլայնել»:

Հարցին, թե ինչպե՞ս է այդ նոր համակարգը դառնալու լեգիտիմ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամը տվեց պատկերավոր պատասխան` նշելով, որ «լեգիտիմ» է այն ամենը, ինչ հաստատում է Տիզբոնը:

«Տիզբոնը փոփոխական է, ասենք, դարեր առաջ այն կոչվում էր Տիզբոն, հիմա Տիզբոնը այսպիսի մի հետաքրքիր կերպարանք է ստացել. պատկերացրեք` Իսրայելը և Իրանը, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը, Եվրոպան և Չինաստանը միանշանակ հավանություն են տվել Հայաստանի կատարած ընտրությանը և ողջունել են մեր ժողովրդի փառապանծ ընտրությունը: Բոլորը շատ լավ գիտեն, որ այդ գործողությունն ընտրության հետ որևէ կապ չունի, բայց քանի որ Տիզբոնի` համաշխարհային կարգի տեսակետից, ամեն ինչ նորմալ է, կոլեկտիվ Տիզբոնն այսօր հաստատում, վավերացնում է այդ ընտրությունը»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս