Երևանի կենտրոնական որոշ փողոցներում խցանումները հիմնականում պայմանավորված են ոստիկանության միջոցառումներով
ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է կարգավորել երթևեկությունը մայրաքաղաքի կենտրոնական որոշ փողոցներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայանության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշել է, որ երթևեկության` որոշ չափով կաթվածահար վիճակը պայմանավորված է նրանով, որ ոստիկանության կողմից իրականացվող մի քանի միջոցառումներ համընկել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 9-ին կայանալիք երդմնակալության արարողության փորձերի հետ:
«Մի քանի փողոցներում գծանշումներ են իրականացվում: Ճանապարհային ոստիկանությունն անում է ամեն ինչ, որպեսզի վարորդներին որքան հնարավոր է` քիչ տհաճություն պատճառվի»,- ասել է Ահարոնյանը: Այս միջոցառումների համար ընտրվել է հենց շաբաթ օրը, քանի որ այն ոչ աշխատանքային է, և երթևեկությունն այդքան էլ ծանրաբեռնված չէ:
Ոստիկանության լրատվության և հասարակայանության հետ կապերի վարչության պետի հավաստմամբ` այս պահի դրությամբ բոլոր փակ փողոցները շուտով կբացվեն: Նա խորհուրդ է տվել խուճապի չմատնվել:
ժամանակ առ ժամանակ դժվարանցանելի կամ անանցանելի են դարձել Մաշտոցի պողոտան և Բաղրամյան պողոտայի մի հատվածը: