«Մանկահասակ նախագահն» այցելեց Բարաք Օբամային (տեսանյութ)

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական նստավայրում` Սպիտակ տանը, հաճախ են տեղի ունենում արտասովոր և պաշտոնական, ստանդարտ արարողակարգերի հետ ուղղակի հակասության մեջ մտնող, զուտ մարդկային միջադեպեր, իրադարձություններ, որոնցով ԱՄՆ նախագահները նաև ցույց են տալիս իրենց անմիջականությունն ու անկեղծությունը` այդպիսով լրացնելով ամերիկյան ժողովրդավարության մասին մարդկանց պատկերացումները և դառնալով մամուլի լայն քննարկման առարկա:

Նման միջադեպ Սպիտակ տանը տեղի ունեցավ նաև այս շաբաթ, երբ աֆրոամերիկացի մանկահասակ մի երեխա, ով ուներ մեծ երազանք` իրեն պատկերացնել Միացյալ Նահանգների նախագահի դերում, այցելեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` այդպիսով իրականացնելով իր երազանքը: Իննամյա Ռոբբի Նովակի և Բարաք Օբամայի հանդիպման մասին պատմող տեսանյութը դարձավ «youtube»-ի հիթերից մեկը` մի քանի օրում գրանցելով ավելի քան 1 մլն դիտում:

ԱՄՆ նախագահը Ռոբբիին ուղեկցեց իր աշխատասենյակ` նրան թույլատրելով նույնիսկ նստել իր աթոռին և օգտվել նախագահական հեռախոսից և այդպիսով իրեն զգալ՝ որպես ԱՄՆ նախագահ: Իսկ երբ փոքրիկ վերցրեց լսափողը, Օբաման նրան հարցրեց. «Ինչ-որ մեկը պատասխանո՞ւմ է»: «Ո՛չ»,- ասաց Ռոբբին:

«Դե լավ, ուրեմն վայր դիր, քանի դեռ միջազգային սկանդալ տեղի չի ունեցել»,- պատասխանեց նրան Օբաման:

Բարաք Օբաման «Մանկահասակ նախագահի» հետ խոսեց պետության կառավարման լուրջ և պատասխանատու գործի մասին` նույնիսկ հայտնվելով նախագահի խորհրդականի դերում և Ռոբիին տալով խորհուրդներ: Իսկ հետո էլ պատասխանեց «մանկահասակ նախագահի» հարցին` «ի՞նչ պետք է անեն երեխաներն ու դեռահասները` աշխարհը փոխելու համար»: Նա ասաց. «Ամենակարևոր բանը, որ մենք բոլորս կարող ենք անել` միմյանց ջերմությամբ և հարգանքով վերաբերվելն է»:

Նշենք, որ «մանկահասակ նախագահն» իսկական հայտնություն է դարձել ողջ Միացյալ Նահանգներում, նա նույնիսկ ունի իր սեփական կայքը, իսկ «Wikipedia» համացանցային հանրագիտարանում նրա կենսագրականը պատմող էջ է բացվել:

Մանրամասները` տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս