Թուրքիան ու Ադրբեջանը համագործակցության արձանագրություն են ստորագրել Հայոց ցեղասպանության հետազոտման շուրջ
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` ադրբեջանցի և թուրք պատմաբանները համագործակցելու են միմյանց հետ Հայոց ցեղասպանության փաստի հետազոտման հարցում: Բացի այդ, նրանք հետազոտելու են «հայերի կողմից» թուրքերի ու ադրբեջանցիների նկատմամբ «իրագործած ցեղասպանությունը»:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիան: Վերջինիս հաղորդմամբ` երեկ գիտական համագործակցության մասին արձանագրություն են ստորագրել Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտը և Աթաթուրքի անվան գիտա-հետազոտական կենտրոնը:
Արձանագրությամբ նախատեսվում է տարեկան մեկ անգամ անցկացնել համատեղ գիտական նիստ, գիտական համագործակցություն ծավալել Հայոց ցեղասպանության հետազոտման, ինչպես նաև «հայերի կողմից» թուրքերի ու ադրբեջանցիների նկատմամբ «իրագործած ցեղասպանության» հարցերում, համատեղ հրապարակումներ անել` հենված արխիվային նյութերի վրա, դրանք տարածել աշխարհի առաջադեմ երկրներում, փոխանակել արխիվային փաստաթղթեր և համատեղ հետազոտություն անցկացնել թյուրքական պետությունների, հուշարձանների և այլնի պատմության շուրջ:
Հիշեցնենք, որ 1918 թվականին Բաքու արշաված Նուրի Փաշայի (որին ադրբեջանական կողմը համարում է փրկիչ) իսլամական բանակը կախաղան բարձրացրեց Բաքվի գրավմանը մասնակցելուց հրաժարված ադրբեջանցի 600 նորակոչիկներին: Լավ կլիներ, որ թուրք-ադրբեջանական կողմը հետազոտեր այս դրվագը և պարզեր, թե ինչու նրանք հրաժարվեցին «իրենց հարազատ Բաքուն ազատագրելուց»: