Մայրաքաղաքի ավագանու անդամները կստանան 35.000-ական դրամ փոխհատուցում
Երևանի ավագանին ապրիլի 5-ին գումարված հերթական նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևան քաղաքի ավագանու անդամներին իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեով նախատեսված համապատասխան գումարներից ամսական 35.000-ական դրամ դրամական փոխհատուցում տրամադրելու մասին որոշման նախագծին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ավագանին հավանություն է տվել նաև Երևան համայնքի սեփականություն համարվող մի շարք բնակարաներ անհատույց օտարելու ինչպես նաև հողամասերի փոխանակության մասին որոշման նախագծերին:
Միաձայն հավանություն է տրվել նաև անվանի բանաստեղծ, հրապարակախոս Լյուդվիգ Դուրյանի, պետական գործիչ Մուշեղ Դանիելյանի, վաստակավոր շինարար Աբրահամ Սարգսյանի հիշատակները հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշման նախագծերին:
Միաժամանակ որոշվել է Երևան քաղաքի ավագանու հերթական հաջորդ նիստը գումարել մայիսի 22-ին՝ ընտրություններից հետո։