«Իշխանական ուժերը ցանկանում են նվազեցնել ավագանու ընտրությունների կարևորությունը»

Ընդդիմադիր քաղաքական ուժերը կամ ոչ իշխանական քաղաքական ուժերը առաջիկայում տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ մի մոտեցում ունեն, իսկ իշխանական քաղաքական ուժերը՝ բոլորովին այլ մոտեցում, և դրանք էապես տարբերվում են: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, լրագողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը: Նրա խոսքով՝ եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը Երևանի ավագանու ընտրությունները դիտարկում են որպես համապետական նշանակություն ունեցող մի գործընթաց և իշխանափոխություն իրականացնելու կարևորագույն հանգրվան, ապա իշխանական ուժերն ամեն կերպ ցանկանում են այդ ընտրությունները ներկայացնել այնպես, որ իրականում սա որևէ կապ չունի համապետական նշանակություն ունեցող գործընթացի հետ, նույնիսկ ասվում է, որ չպետք է քաղաքականացնել այս ընտրությունները:

«Այս և նմանատիպ հայտարարությունները, մեղծ ասած, փոքր-ինչ անհասկանալի են, որովհետև ավագանու ընտրությունները հենց օրենքով են քաղաքականացված, որովհետև ավագանու ընտրություներին մասնակցում են քաղաքական կուսակցությունները: Ինչպե՞ս կարող է քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ իրականացվող մի միջոցառում չլինել քաղաքական, բնական է, որ այդպես հնարավոր չէ»,- ասաց Է. Վարդանյանը: Նրա խոսքով՝ իհարկե, իշխանությունները՝ հասկանալով, որ ոչ իշխանական քաղաքական ուժերը ցանկանալու են այս ընտրություններն օգտագործել որպես մի գործիք, որը պետք է ծառայեցվի ընդհանուր առմամբ իշխանափոխությանը, ամեն կերպ փորձում են խոչընդոտել այդ ծրագրերին՝ նեղացնելով Երևանի ավագանու ընտրությունների նշանակությունը:

«Իշխանական քաղաքական ուժերը կամ կոնկրետ հենց հիմնական իշխանական քաղաքական ուժը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի ընդդիմադիր քաղաքական միավորներն ավելի քիչ ձայներ ստանան, քան ստացել են համապետական, այսինքն՝ կոնկրետ վերջին նախագահական ընտրությունների ժամանակ,  որպեսզի ցույց տան, որ այս՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Բարևի» շարժումն իրականում մարում է, և որ ընդհանուր առմամբ՝ ընդդիմությունը, այսպես ասած, թույլ է, իսկ իշխանությունների դիրքերն ամուր են, և դրանով նրանք փորձելու են կանխել նաև ընդդիմադիր դաշտում հետագայում  տեղի ունեցող ակտիվ գործընթացները»,- ասաց քաղաքագետը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս