Բաժիններ՝

Նիկոլա Սարկոզիի դեմ գործը կարող է փակվել. մամուլ

Ֆրանսիական Parisien թերթի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախկին (2007-2012) նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ գործը կարող է փակվել հանցագործության ապացույցների բացակայության պատճառով:

Այդ մասին նշված է Բորդոյի դատախազության պատրաստած հաշվետվությունում, որը գլխավոր դատախազության միջոցով փոխանցվել է Արդարադատության նախարարությանը:

Հետաքննության տվյալներով՝ 2007 թվականին Նիկոլա Սարկոզին օգտվել է Ֆրանսիայի ամենահարուստ կին և L’Oreal-ի կայսրության ժառանգորդուհի Լիլիան Բետանկուրի առողջական վիճակի թուլությունից՝ նրանից գումարներ ստանալու համար, որոնք ծախսվել են իր նախընտրական կամպանիայի վրա:

Այդ գործով հետաքննությունը սկսվել է 2007 թվականին, տվյալ գործով անցնում են տասնյակ մարդիկ: Սարկոզին մինչև նախագահական լիազորությունների ժամկետի ավարտն օգտվում էր անձեռմխելիությունից: Սակայն այն բանից հետո, ինչ նա Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զիջեց Ֆրանսուա Օլանդին, Ֆրանսիայի իրավապահ մարմինները կրկնակի եռանդով են սկսել քննել այս գործը:

Սարկոզին առաջին անգամ հարցաքննվել է 2012 թվականի նոյեմբերին: Այն տևել է 12 ժամ:  Սարկոզիի դեմ մեղադրանք է ներկայացվել այս տարվա մարտի 21-ին: Ի դեպ, տվյալ գործը քննող դատավոր Ժան Միշել Ժանտիլը սպառնալիքներով լի նամակ է ստացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս