Հայաստանը Քադաֆիից և Չավեսից հետո
Այն մարդիկ, ովքեր հետաքրքրվում են մեր հարևան երկրով, լավ գիտեն, որ Ադրբեջանում բավական հետաքրքիր, կասեի նույնիսկ` անլուծելի խնդիր ունեն` կապված ազգային ինքնության հետ։ Մի կողմից, շատերն իրենք իրենց թուրք են համարում, մի մասը համարում է, որ իրենք հենց այդպիսի յուրահատուկ ազգ են, մյուսներն իրենց համարում են Աղվանքից եկած հին քրիստոնյաներ, որոնց հոգևոր ողջ հարստությունը կորզել են նենգ հայերը։ Կան նաև այնպիսիք, որոնց պատկերացումներն ընդհանրապես անհայտ են։ Այսպես, հայտնի ադրբեջանցի մի հրապարակախոս ինձ ասում էր, որ մենք չպետք է հակամարտենք, քանի որ դեռևս հնուց իրար օգնել ենք, օրինակ` միասին հռոմեական լեգիոնների դեմ ենք պատերազմել։ Քանի որ նրա այդ մտքից լեզուս կապ ընկավ, այդպես էլ չիմացա, թե այդ ժամանակ ի՞նչ անվան տակ էին ելույթ ունենում ադրբեջանցիները։ Ո՞վ գիտի, միգուցե կարթագենացինե՞րն էին, որոնք իրենք էլ չգիտեին իրենց գլխների գալիքը։ Այս ամենի պատճառով` ադրբեջանական վերնախավն ինքնադրսևորման հետ կապված լուրջ խնդիր ունի։ Եվ քանի որ դեռ այդպես էլ չեն որոշել, թե իրենք, ի վերջո, ո՞վ են, այդ պատճառով տվյալ պահին ինքնության հարցը լուծում են հակառակ կողմից` հակահայկականությունը սերմանելով` որպես ազգը ցեմենտի պես միավորող սկզբունք։ Շատ լավ աշխատում է։ Միայն մի խնդիր կա. ադրբեջանական հասարակությունը հիվանդանում է աչքներիս առաջ։ Մի բան չէ` բացասական զգացմունքների վրա ժողովուրդ ստեղծելը։
Ինչի՞ եմ պատմում այս ամենը։ Ազգային ինքնության հարցում մենք, բարեբախտաբար, նման խնդիրներ չունենք: Սակայն մենք էլ մի հետաքրքիր պատմական փուլով ենք հիմա անցնում։ Ուշադիր լինելու դեպքում կնկատենք, որ մեր հասարակության մեջ (իսկ տվյալ դեպքում թույլ տվեք մեր հասարակության մեջ դասել նաև Սփյուռքին, այն հատվածին, որն ապրում է Հայաստանի և հայության խնդիրներով) բավական տարբեր հոսանքներ կան, որոնք ազդում են ընդհանուր զարգացման վրա։
Որքան էլ մենք մեր առանձնահատուկ մշակութային, քաղաքակրթական (ինչպես ուզում եք կոչեք) ուղին ունենանք, որպես փոքր ազգ որոշակի հարցերում ստիպված ենք հարել ավելի մեծ մշակույթներին: Շատ պրիմիտիվ կհնչի, բայց մեր առօրեականում մենք կապված ենք եվրոպական քրիստոնեական քաղաքակրթության հետ: Սկսած օրացույցից (որքան էլ Հայկի և Բելի կամ Նավասարդի հետ կապենք մեր օրացույցը, միևնույն է, մեծամասնության կողմից դա դիտվում է զուտ` որպես օրիգինալության դրսևորում), վերջացրած հագուստով` հայկական տարազով, այսօր շատերին կզարմացնես փողոցում։ Կամ, օրինակ, մեր խոհանոցը։ Կարդում ես զանազան գրքեր, ամեն տեղ պատմում են, թե ինչ հարուստ է հայկական ավանդական խոհանոցը։ Բայց տեսնելով, թե այսօր միջին երևանցին հիմնականում ինչով է սնվում կնկատեք` որքան հեռու են հայկական խոհանոցից։ Կարճ ժամանակամիջոցում նույնիսկ ինքներս չնկատեցինք, թե ինչպես մեր սեղանի խմիչք գինին փոխարինվեց օղիով: Այն էլ ինչ քանակության։
Կան ավելի գիտակցված շարժումներ։ Այսպես, Ռուսաստանում բնակվող հայերի մի մասն իրենց ընկալում են` որպես կովկասյան ցեղերի ընտանիքի մասնիկ։ Լինել լեզգինների, ինգուշների և այլ կովկասյան ազգությունների հետ միասին. սա ոչ միայն արտաքին ձև է, այլև կենսական դրսևորում է, ադաթի շուրջ համախմբում, տղամարդու և կնոջ յուրահատուկ դեր հասարակության մեջ, ընտանիքում և այլուր։ Անձամբ ես կարծում եմ, որ սա փակուղի է հայության համար։ Սա հոսանք է, որը թեև հայաստանյան հասարակության վրա այդքան անմիջական և ուժեղ ազդեցություն դեռևս չի թողնում, սակայն Երևանում արդեն հաճախ կարելի է հանդիպել դաղստանցու սանրվածքով երիտասարդ տղաների։
Ավելի հետաքրքրաշարժ է արևմտամետ-ռուսամետ հակամարտությունը։ Մեր հասարակության մեջ գնալով սրվում է հակասությունը, պայմանական կոչենք` «ռուսամետների» և «արևմտամետների» միջև: Անկասկած, սա շատ տեխնիկական անվանում է, սակայն շատ հստակ բաժանարար գծեր կան. մի մասը ողբում է, երբ Չավեսը մահանում է, մյուսները նրան համարում են կիսաբոլշևիկ բռնապետ: Մի մասն Ասադի կողմն է, մյուսը` մյուսների, որոնց անունն էլ չգիտենք: Մարդ կա` ուրախանում է, որ ռուսները հոկեյում հաղթում են` ասելով «մերոնք կրեցին», մյուսն էլ Պուտինի անունը լսում է թե չէ` ասում է. «Դրան պետք է Քադաֆիի պես վերջ տալ»: Հա, իմիջիայլոց, Քադաֆին էլ է այդ սահմանային անձերից. մի մասն ասում են` ինչ երկիր էր մարդը շինել, բենզինը ջրից էժան էր, մյուսներն ասում են` մարդու իրավունքները ոտնահարող բռնապետի մեկն էր:
Վերջին զարգացումներից: Ռուսական քարոզչության կողմից վերջերս լայնամասշտաբ նյութեր են տարածվում, ուր եվրոպացիները ներկայացվում են որպես տոտալ մանկապիղծ և այլ շեղումներով ոչ միայն օժտված, այլև դրանք օրենքներով ամրապնդած ժողովուրդ։ Ռուսների ուզածը հասկանալի է. իրենք ամերիկացիների հետ պայքարի մեջ են մտած: Նրանք Մագնիտսկու օրինագծին դեմ են տվել ամերիկացիներին ռուսաստանյան որբերի որդեգրման արգելքը, հիմա պետք է սեփական ժողովրդին ապացուցեն, որ իրականում ոչ թե կործանում են երեխաների ճակատագրերը, այլ փրկում են մարդակերներից: Բայց մենք ինչո՞ւ ենք այս ամենից ոգևորվել, ինչո՞ւ են պետական այրերը սկսել Եվրոպան որպես Սոդոմի և Գոմորի մասնաճյուղ ներկայացնել: Այ սա հարց է, որի պատասխանը, թերևս, իրենք էլ չեն գտնում: Մյուսներն էլ համարում են, որ ռուսները ծառից նոր են իջել: Երևի մի բան չրխկացել է, ու ինչ-որ մարդիկ որոշել են, որ հայրենասեր լինելը ոչ թե սեփական ազգն ու երկիրը սիրելն է, այլ ուրիշներին նույնչափ չսիրելն է: Մոտավորապես այնպես, ինչպես մեր հարևանների մոտ, էլի…