Բաժիններ՝

«Կյանքի խոսքը» պետական գերատեսչությունների նման աշխատանքային ժամեր ունի. մամուլ

«Երևանի Թբիլիսյան խճուղում վեր է խոյանում մի նոր էլիտար շինություն՝ բավականին մեծ չափերի։ «ՉԻ» տեղեկություններով՝ շենքը «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության սեփականությունն է։ Պարզելու համար, թե այն ի՞նչ առնչություն ունի «Կյանքի խոսքի» հետ և ի՞նչ նպատակներով է օգտագործվելու շենքը, զանգահարեցինք այդ կազմակերպություն»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթն ու հավելում.

«Հեռախոսազանգին պատասխանեց մի երիտասարդ, ով հայտնեց, թե մեր հարցերին կարող է պատասխանել իրենց կազմակերպության լրատվության պատասխանատուն՝ Արմենը։ Մեր հեռախոսազանգին պատասխանող քաղաքացին խնդրեց զանգահարել հինգ րոպե հետո՝ մինչև նա կփոխանցի, որ մենք հարցեր ունենք։ Հինգ րոպե անց զանգահարեցինք, և տղան խնդրեց հեոախոսահամար թողնել։ Այդպես էլ արեցինք։ Մոտ մեկ ժամ հետո մեզ զանգահարեց «Կյանքի խոսքի» լրատվության պատասխանատուն։

Շենքի հետ կապված մեր հարցից բացի, հետաքրքրվեցինք, թե ճի՞շտ է, որ իրենք դասընթացներ են կազմակերպում և տարվա մեջ մի քանի անգամ շրջանավարտներ են ունենում (խոսքը աստվածաշնչյան դպրոցի՝ 8-ամսյա դասընթացների միջոցով 250 շրջանավարտ թողարկելու լուրերի մասին է)։

Լսելով մեր հարցադրումները, պատասխանատուն ասաց, թե պետք է մեր հարցերը գրավոր ուղարկենք իրենց։ Փորձեցինք նրան բացատրել, որ հատուկ ուսումնասիրություն պետք չի անցկացնել մեր հարցերին պատասխանելու համար, ընդամենը պետք է հաստատել կամ հերքել տեղեկությունը, այսինքն՝ «այո» կամ «ոչ» ասել։ «Կյանքի խոսքի» ներկայացուցիչն ասաց, թե իրենց աշխատանքային ժամն ավարտված է։ Տարակուսած հարցրինք, թե երբ է ավարտվում իրենց աշխատանքային ժամը, պարզվեց՝ ժամը 17:00-ին։

Հետո երիտասարդը սկսեց բացատրել, թե ինչպես պետք է աշխատել գերատեսչությունների հետ։ Այնահետև, նյարդայնանալով մեր հորդորից, թե մեզ մի սովորեցրեք աշխատել, երիտասարդն անջատեց հեռախոսը։ Մենք հետ զանգահարեցինք «Կյանքի խոսք» և դիմելով հեռախոսին պատասխանող անձին միանգամից հարցրեցինք՝ «Որտե՞ղ է ձեր գրասենյակը, նոր շենքո՞ւմ եք արդեն նստում»։ Պարզվեց, որ «նոր շենքը» միայն ծառայելու է այս աղանդի հավաքույթների համար։

Ի դեպ ընդգծենք՝ «աշխատանքային օրվա» ավարտին մամլո քարտուղարն ինքն էր մեզ հետ զանգահարել։ Սա՝ մեկ։ Երկրորդ՝ ակնհայտ էր, որ մեր հարցադրամներր դուր չեկան «Կյանքի խոսքի» ներկայացուցչին, և նա նյարդայնացած անջատեց հեռախոսը։ Նկատենք, որ մինչ կանջատեին հեռախոսը՝ հասցրինք փոխանցել, որ մենք օրաթերթ ենք, և ամեն դեպքում հրապարակումը կլինի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս