Երկու օր՝ հայտարարագրերը ներկայացնելու համար
Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերից առայժմ գույքի և եկամտի հայտարարագիր ներկայացրել են միայն Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ): Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Նշենք, որ ըստ ԿԸՀ-ի սահմանած ժամանակացույցի՝ մինչև ապրիլի 5-ը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունները և նախընտրական դաշինքները պարտավոր են ԿԸՀ ներկայացնել կուսակցության գույքի և եկամտի վերաբերյալ հայտարարագրեր: Գույքի և եկամտի հայտարարագրեր պարտավոր են ներկայացնել նաև համամասնական ցուցակում ընդգրկված թեկնածուները: Հերմինե Հարությունյանը տեղեկացրեց, որ վերոհիշյալ երկու կուսակցությունները ներկայացրել են և կուսակցության, և թեկնածուների գույքի և եկամտի հայտարարագրերը, սակայն ԿԸՀ-ն իր պաշտոնական կայքում պարտավոր է հրապարակել միայն կուսակցությունների և նախընտրական դաշինքների հայտարարագրերը: Մինչև ապրիլի 8-ն այդ տեղեկատվությունը կլինի ԿԸՀ-ի պաշտոնական կայքում՝ elections.am-ում: Հերմինե Հարությունյանը նշեց, որ, ԶԼՄ-ների ներկայացուցիչները, վստահված անձինք և դիտորդները՝ թեկնածուների գույքի և եկամտի հայտարարագրերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար, համաձայն Ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 7-րդ մասի, պետք է գրավոր դիմում ներկայացնեն ԿԸՀ:
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը և «Բարև, Երևան» նախընտրական դաշինքը: