Փոխքաղաքապետը Օսկանյանին կոչ է անում «ֆինանսական մեքենայությունների մասին հարուստ գիտելիքները չփորձել «տեղայնացնել» այլոց վրա»

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն արձագանքել է ԲՀԿ Երևանի ավագանու համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանի հայտարարությանը:

«Ձեռնպահ մնալով Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանի՝ երեկ մամուլում տարածած դիտարկումների մասին ընդհանրական գնահատական տալուց՝ շատ հակիրճ անդրադառնամ առաջ քաշված կետերին առանձինառանձին.
1. Երևան քաղաքի տասնամյակների պատմություն ունեցող ճարտարապետական դիմագծի հարցը վերջին տարիներին քաղաքապետարանի ամենօրյա ուշադրության կենտրոնում է, իսկ հասարակությանը մտահոգող հարցերն իրենց բնույթով համարվում են օրակարգային և քննարկվում են առանց միջնորդների։ Հետևաբար պետք է առնվազն չցանկանալ, որպեսզի չտեսնել ապօրինի շինարարության նկատմամբ իրականացվող վերահսկողական գործընթացի ակնհայտ ձեռքբերումները։
Առկա խնդիրները կուտակվել են անկախության ողջ ժամանակահատվածում, ներառյալ Վարդան Օսկանյանի Կառավարության անդամ լինելու 10 երկար ու ձիգ տարիներին, երբ նա ցանկության դեպքում հնարավորություն ուներ բարձրացնել իրեն հուզող հարցերը երկրի բարձրագույն ղեկավարության առջև: Նաև այն ժամանակ, երբ Ավանի վարչական շրջանի ղեկավար Տարոն Մարգարյանը ժամանակակից կանաչ գոտիներ էր ստեղծվում, ինքն ինչ մասնակցություն էր ունենում կանաչ գոտիների վերացմանը Կենտրոն համայնքում, նույն Օպերայի շրջակայքում:
Ինչ վերաբերվում է որպես կանաչ գոտու բետոնապատման օրինակ ներկայացված «Օպերային կից տարածքումե կատարվող բարեկարգման աշխատանքներին, ապա հենց բերված կոնկրետ օրինակից ակնհայտ է դառնում, որ այն՝ իրողությունների աղավաղման ճանապարհով, հետապնդում է պոպուլիստական նպատակ: Նշված տարածքում որևէ սանտիմետր կանաչ տարածք չի բետոնապատվում, այլ, քաղաքապետարանի հսկողությամբ, պարոն Օսկանյանի պաշտոնավարման տարիներին գործելու թույլատրություն ստացած սրճարանն իրականացնում է տարածքի մաշված եզրաքարերի և սալաքարերի փոխարինման ու վերանորոգման աշխատանքներ։ Այն սրճարանի, որտեղ Վարդան Օսկանյանը պարբերաբար հրավիրում է իր հյուրերին և հպարտանում, թե Երևանում որքան շատ մարդիկ են այցելում բարձրակարգ սրճարաններ: Դրա փոխարեն հենց այդ նույն սրճարանի հարևանությամբ Վարդան Օսկանյանի՝ կառավարության անդամ լինելու տարիներին թույլատրվեցին ու վեր խոյացան կապիտալ կառույցներ, ինչն իհարկե անթույլատրելի էր:
Վերցրե՛ք Երևանի կանաչ գոտիների ստեղծման/վերացման վիճակագրությունը. այն Ձեզ շատ բան կասի: Կասի, որ Տարոն Մարգարյանը 1 քառակուսի մետր կանաչ տարածք չի վերացրել, կասի ինչքան է ավելացնել, բայց նաև շատ բան կասի Ձեզ հայտնի ժամանակահատվածների մասին:
2. Երևանի քաղաքապետարանում արդյունավետ գործող մեկ պատուհանի աշխատանքը վարկաբեկելը զուրկ է երևույթը գործնական դաշտում դիտարկելու ցանկությունից և ունակությունից, քանի որ բոլոր թույլտվությունների համար պահպանվում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված «ինստանցիաներիե քանակը և ժամկետները։
«Երևանե հիմնադրամի մասով ներկայացված տեսակետը նույնպես չի դիմանում որևէ քննադատության, քանզի տվյալ հիմնադրամը ՀՀ օրենքով սահմանված կարգով ենթարկվում է ստուգումների, աուդիտ է անցնում, իսկ տարեկան հաշվետվությունները տպագրվում և հասանելի են հանրությանը: Առավել առարկայական լինելու համար Վարդան Օսկանյանը կարիք ուներ սույն թեմայով առնվազն լրացուցիչ ընթերցանության: Մի փոքր հուշում, ուշադի՛ր եղեք՝ որ թվականին է ստեղծվել հիմնադրամը և որ թվականից է սկսել գործել կատարյալ թափանցիկության դաշտում:
3. Երևանի քաղաքապետարանի կողմից գնումների գործընթացները կազմակերպվում են գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մրցակցային և բաց հրապարակային սկզբունքներով, որոնց կազմակերպման վերաբերյալ հայտարարությունները հրապարակվում են www.gnumner.am, www.azdarar.am և Երևանի քաղաքապետարանի պաշտոնական www.yerevan.am կայքերում:
Նշված գործընթացների ընթացքում կազմակերպությունների մասնակցությունը որևէ կերպ սահմանափակված չէ և մրցակցության արդյունքում կնքվում են համապատասխան պայմանագրերը, որոնք նույնպես ունեն հրապարակային բնույթ։
Մրցակցային գործընթացում հաղթում են ամենացածր գին առաջարկած մասնակիցները, իսկ թե «համապատասխան կապերըե ինչպես կարող են ազդել գնային առաջարկի վրա, կարծում եմ, մեզ համար կբացահայտի պարոն Օսկանյանը։
Կոչ կանեինք Վարդան Օսկանյանին ֆինանսական մեքենայությունների մասին հարուստ գիտելիքները չփորձել «տեղայնացնելե այլոց վրա:
4. Երևան քաղաքի տրանսպորտային հիմնախնդիրը բնականաբար դեռևս ամբողջությամբ կարգավորված չէ, ինչի մասին բազմիցս նշել է քաղաքապետը։ Միաժամանակ, պարոն Օսկանյանի արված առաջարկները՝ հասարակական տրանսպորտի ոլորտում, այն տպավորությունն են թողնում, որ նա պարբերաբար օգտվում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։ Մասնավորապես, նրա կողմից մատնանշված երթուղային տաքսիները ավտոբուսներով փոխարինելու գործընթացն արդեն իսկ սկսվել է և նպատակամղված իրականացվում է հաստատված նոր երթուղային ցանցին ու սահմանված ժամնակացույցին համապատասխան։
Քաղաքակիրթ աշխարհում, որի ջատագով է ջանում ներկայանալ պարոն Օսկանյանը այլոց առաջարկությունները օգտագործելիս համապատասխան հղում են անում, իսկ հակառակ դեպքում` մեղադրվում են գրագողության մեջ:
Ինչ վերաբերվում է զեղչերով երթևեկության մշտական տոմսեր ունենալու առաջարկին, ապա նմանօրինակ բազմազան և բազմաբնույթ առաջարկները (ներառյալ այդ բազմազանության մի փոքրիկ մասնիկ հանդիսացող «խորհրդային շրջանից զեղչերով երթևեկության մշտական տոմսերե ունենալու առաջարկը) և դրանց կիրառման հնարավորությունները հասարակական տրանսպորտի սեփականության տարբեր ձևերի պարագայում քննարկելու և տրանսպորտի բնագավառում ինստիտուցիոնալ կառավարման առաջավոր փորձի (այդ թվում՝ միասնական տոմսային համակարգի) ներդրման վերաբերյալ խորհրդատվություն ստանալու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից արդեն իսկ ներգրավվել է միջազգային խորհրդատու։
5. Չփորձելով բացահայտել արագաչափիչ սարքերի և տեսախցիկների տեղադրման և շահագործման իրավական մանրամասները, նշենք, որ Երևանի քաղաքապետարանը արձանագրված խախտումների ուսումնասիրման, տուգանքներից գանձվող գումարների տնօրինման և գործառույթի իրականացման այլ ուղղություններով չունի ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իրավասություններ։ Այս փաստի չիմացությունն առնվազն տարակուսելի է մի մարդու համար, ով պատիվ ունի աշխատելու Հայաստանի օրենսդիր մարմնում:
Տեսախցիկների «աշխարհագրությունըե սահմանափակելու անհրաժեշտությունը փաստարկված և հիմնավորված լինելու պարագայում ԱԺ ԲՀԿ խմբակցությունը իրավասու է ներկայացնել օրենսդրական առաջարկն ինքնուրույն ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգօրենքի համաձայն (հարկ եղած դեպքում կարող ենք տրամադրել նաև նշված օրենքի առնվազն մեկ օրինակ): Միևնույն ժամանակ շատ լավ հասկանում ենք, թե Վարդան Օսկանյանն ինչու է իրեն չհասկացողի տեղ դնում. նրա խմբակցության ճնշող մեծամասնությունը, անգամ ընտանիքի անդամները, բոլորին հայտնի են որպես երթևեկության կանոնների ամենահաճախ և չարամիտ խախտողներից՝ իրենց ամենաթանկարժեք ավտոմեքենաներով:
6. Հարկ չեմ համարում անդրադառնալ Օսկանյանի տեսակետներին հասարակության տրամադրությունների և վիճակի մասին: Դրանք, ինչպես նաև իր այլ քաղաքական հայտարարություններ, բազմիցս քննադատվել են: Անիմաստ եմ համարում մեկնաբանել նաև ճաշակի վերաբերյալ նրա տեսակետը, քանզի ի պատասխան կարող ենք ստանալ սնոբիզմի և «էլիտարությանե հերթական չափաբաժինը:
Երևանի քաղաքապետարանը իր բնակիչների համար ապահովում է հարմարավետ և ներկայանալի Երևան, իսկ անցկացվող բազմազան միջոցառումներով՝բարձր տրամադրություն։ Ծախսերի ուղղորդման առաջարկները անհրաժեշտ է կառուցել քաղաքային տնտեսության բոլոր խնդիրներին անդրադառնալու տրամաբանությամբ, ինչով և առաջնորդվում է քաղաքապետարանը ծախսերը ծրագրելիս։
7. Սոցիալական բնակարանաշինության ծրագիրը մշտապես լինելով Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում, ներկայումս իր մեջ կրում է վթարային շենքերի բնակիչներին բնակարանով ապահովելու առաջնային իրականացվող բաղադրիչը, որի տրամաբանական շարունակությունն է դառնալու սոցիալական մյուս շերտերի համար մատչելի բնակարանների կառուցումը։ Վստահ եմ, որ ընդդիմախոսը շատ լավ հասկանում է, որ ռեսուրսների առկայության դեպքում ոչ ոք չէր վարանի բոլորը միանգամից անել, հասկանում է, բայց ամբոխահաճությունը վարակիչ բան է:
8. Հրազդանի կիրճում վերջին տարիներին իրականացված մեծածավալ բարեկարգման աշխատանքները չնկատելը ենթադրում է Երևան քաղաքի վերաբերյալ հերթական անտեղյակություն կամ պարզունակ չարակամություն։
Առայժմ այսքանը:

Վահե Նիկոյան
Երևանի քաղաքապետի տեղակալ

աղբյուրը՝ Panorama.am

Տեսանյութեր

Լրահոս