Բաժիններ՝

ՀՀԿ-ն և սպանությունը. մամուլ

««Սա քաղաքական սպանություն էր»,– Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը երեկ մեր զրույցում այսպես որակեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռոատամյանը»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.

Ուշագրավ է, որ երեկ իշխող ՀՀԿ-ն չէր շտապում որևէ գնահատական տալ տեղի ունեցածին։ Այնինչ, ինչպես հայտնում են մեր աղբյուրները և ինչպես վկայում են նաև մամուլի նախկին հրապարակումները, ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի տեղի ակտիվի հարաբերությունները բավական լարված են եղել։

Երբ ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ էդուարդ Շարմազանովին հարցրեցինք մտադիր չե՞ն գնահատական տալ տեղի ունեցածին, մանավանդ որ պռոշյանցի ՀՀԿ-ականների և դաշնակցականների լարված հարաբերությունների մասին տեղեկություններ կան, նա պատասխանեց. «Սպանության բացահայտումը իրավական տիրույթում է։ Անթույլատրելի եմ համարում նման լուրերի տարածումը և հույս եմ հայտնում, որ իրավապահ մարմինները կբացահայտեն մարդասպանին։ Ցավում եմ այս դեպքի առիթով և ցավակցում եմ գյուղապետի հարազատներին»։

Մեկ այլ ՀՀԿ-ական՝ Աժ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը, ՀՅԴ ԳՄ-ի երեկվա հայտարարությունը քաղաքական շահարկում որակեց, իսկ մեր հարցերը մառազմատիկ։

Գյուղապետի սպանության կապակցությամբ ՀՅԴ ԳՄ-ն երեկ հայտարարել էր. «Տեղի է ունեցել կանխամտածված ու ծրագրված սպանություն։ Ակնհայտ է նաև, որ, անկախ կատարողներից, ոճրագործությունը անպատժելիության և անհանդուրժողական մթնոլորտի հետևանք է (…): Ցավով արձանագրում ենք, որ մեր երկրում երաշխավորված չէ քաղաքացու անվտանգությունը, հանցավոր գործելակերպը մեր կյանքի անբաժանելի մաս է կազմում»։

Երբ Հովհաննես Սահակյանին հարցրեցինք, թե ինչու ՀՀԿ-ն դեռ չի արձագանքել տեղի ունեցածին, նա պատասխանեց. «Արձագանքը մեկն է՝ բոլորն էլ դատապարտում են նման արարքները, բայց քանի որ խնդիրը իրավապահ մարմինների տիրույթում է, ճիշտ է այլ մեկնաբանություններից զերծ մնալ»։

Պարոն Սահակյան, տեղեկություններ կան, որ այդ համայնքում ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի ակտիվի հարաբերությունները բավական լարված էին։

–  Ես չէի ցանկանա մտնել այդ դաշտ, չէի ցանկանա նմանատիպ գնահատականներ տալ։ Ես հասկանում եմ, որ որոշ հետաքրքրաշարժ շրջանակների համար, եթե հանենք Պարույր Հայրիկյանի դեպքը, մի փոքր անհետաքրքիր անցավ և փորձում են ինչ-որ հետաքրքրություններ կամ սենսացիաներ փնտրել։ Որևէ բան այս պահի դրությամբ ավելացնել, կարծում եմ՝ պետք չէ, թողնենք դա նախաքննությանը։

Բայց սպանվել է համայնքի ղեկավար, ազատամարտիկ, ով նաև Շուշիի հատուկ գնդի հիմնադիրներից էր, իսկ ՀՀԿ-ն շարունակ խոսում է ապահով Հայաստանի մասին։

–  Ձեր հարցադրումը այս պահին ճիշտ չեմ համարում և նորմալ չեմ համարում, իսկապես դեպքը բավականին ցավալի է, բայց մեր երկրում տարբեր հանցագործներ տարբեր ժամանակահատվածներում հանցագործություններ են անում, սա չպետք է վերագրել ՀՀԿ-ի ապահով Հայաստան կարգախոսին, որովհետև սա մի փոքր ավելի մառազմի դաշտ է տանում։

Տեղեկություններ կային, մամուլում նաև հրապարակումներ են եղել, որ գյուղապետի ընտրությունների ժամանակ այնտեղ ծեծկռտուք և ահավոր լարված, թեժ վիճակ է եղել։

–  Իրավապահ մարմինները զբաղվում են այս գործով և դեռևս վերջնական գնահատական չկա, չի կարելի դրա հիման վրա գնահատականներ տալ, մեղադրել այս կամ այն կողմին և հիշել 5-6 ամիս կամ 1 տարի առաջվա ինչ-որ կոնֆլիկտներ։ Թողնենք, որ այդ գնահատականը տան նախաքննական մարմինները, հետո կտանք քաղաքական գնահատականը։

Իսկ ի՞նչ կասեք ՀՅԴ-ի գնահատականի մասին, ըստ որի, տեղի է ունեցել կանխամտածված և ծրագրված սպանություն, ոճրագործությունը անպատժելիության և անհանդուրժողականության մթնոլորտի հետևանք է…

– Դա ընդամենը քաղաքական շահարկում է, հուսահատ քաղաքական թիմի մանիպուլյացիա, որը փորձում է տեղի ունեցածը ինչ-որ առիթով կապել այս կամ այն գործընթացի հետ։ Ես կոչ եմ անում, որ բոլոր քաղաքական ուժերը այս պահին զերծ մնան նման հայտարարություններից։

Զրուցեցինք նաև ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ոուստամյանի հետ։

Պարոն Ոուստամյան, այս պահին սպանության կոնկրետ վարկածներ կա՞ն։

–  Վարկածներ շատ կան, բայց այս պահին ոչինչ չեմ կարող ասել։ Սա խայտառակություն է։ Եթե այս տեսակի դեմ էլ են սպանություն ծրագրավորում, ուրեմն, այս երկրում իսկապես լուրջ պրոբլեմներ եկան։

Տեղեկություններ կան, որ Պռոշյանում ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի հարաբերությունները բավականին լարված են եղել։

– Միշտ էլ պայքար է եղել այդ դաշտում։ 3 անգամ ինքը ընտրություններում հաղթել է իր աշխատանքի և վաստակի արդյունքով։

Կարելի՞ է ասել, որ սա քաղաքական հողի վրա կատարված սպանություն է:

– Բնականաբար, բա ի՞նչ հողի վրա է։ Սա ահաբեկչություն է՝ կատարված այդ տեսակի դեմ, այդպիսի մարդու դեմ։ Այդ մարդը ամբողջ կյանքով ապացուցել է, թե որքան է սիրում իր երկիրն ու հայրենիքը և ինչպես կարելի է ճիշտ համայնքապետ լինել։ Այդպիսի մարդու սպանությունը ողբերգություն է ողջ հայ ժողովրդի համար։

Լուսինե Բարսեղյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս