
Բորիս Բերեզովսկու ընտանիքը կողմնորոշվել է նրա հուղարկավորման վայրի շուրջ

Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ որոշվել է ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկուն հուղարկավորել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում: Այս մասին հայտնել է հանգուցյալի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:
Նշվում է, որ Բերեզովսկուն Անգլիայում հուղարկավորելու մասին որոշումը կայացրել են առաջին հերթին նրա ավագ դուստրեր Ելիզավետան ու Եկատերինան: Լոնդոնում Բերեզովսկու հուղարկավորությունը կազմակերպելու համար արդեն իսկ այնտեղ է մեկնել նրա առաջին կին Նինա Կորոտկովան:
Աղբյուրի խոսքերով՝ Բերեզովսկուն հուղարկավորելու են Լոնդոնի Գաներսբերի գերեզմանատանը, ուր հուղարկավորված է նաև փիլիսոփա Ալեքսանդր Պյատիգորսկին, որի հետ Բերեզովսկին ընկերություն է արել: Բերեզովսկու հուղարկավորության ժամկետը դեռ մնում է անհայտ:
Բերեզովսկուն Ռուսաստանում հուղարկավորել չցանկանալը աղբյուրը պայմանավորել է նրանով, որ նրա ընտանիքի անդամների մեծ մասը, ներառյալ մայրը վերջին տասնամյակում ապրում են Արևմուտքում: Բացառություն է կազմում նրա առաջին կին Նինա Կորոտկովան, ով բնակվում է Մոսկվայում: Բորիս Բերեզովսկին մահացել է մարտի 23-ին, Լոնդոնում: