
Թուրքիան այլևս չի վախենում, որ կկորցնի այս կամ այն երկրին. Դավութօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ ԵՄ-ի աջակցության դեպքում Թուրքիան շարունակելու է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը.
«Եթե ԵՄ-ը աջակցի Թուրքիայի անդամակցությանը, ապա Անկարան կշարունակի այդ գործընթացը, ինչը հանդիսանում է թուրքական արտաքին քաղաքականության ռազմավարական նպատակը:
Բայց եթե ԵՄ-ը նախաձեռնություն չցուցաբերի տվյալ գործընթացում, ապա Թուրքիան չի պնդի, և յուրաքանչյուրը կգնա իր ճանապարհով և կտեսնենք, թե նրանց ուր կտանեն այդ ճանապարհները:
Այսօր Թուրքիան այլևս չի վախենում, որ կկորցնի այս կամ այն երկրին՝ որպես ռազմավարական գործընկեր: Գնալով ավելի շատ երկրներ են ձգտում չփչացնել Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները՝ հասնելով Անկարայի հետ գործընկերության ընդլայնմանը»:
Անդրադառնալով «Մավի Մարմարայի» միջադեպի կապակցությամբ Թուրքիայից Իսրայելի ներողություն խնդրելուն՝ Դավութօղլուն հայտարարել է. «Նրանք պետք է կարողանան ներողություն խնդրել: Թուրքիան փողի կարիք չունի, որը կստացվի որպես փոխհատուցում: Այստեղ կարևորն այն է, որ այդ փոխհատուցմամբ նրանք պատասխան տան իրենց արածների համար»: